ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ․ ե՞րբ կձևավորվի կառավարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն հայտնի է Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ ՔՊ-ն հավաքել է 53,91 տոկոս և խորհրդարանում կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը 21,09  տոկոս և խորհրդարան կմտնի 29 պատգամավորով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը 5․22 տոկոս ձայնով խորհրդարանում կունենա 7 պատգամավոր։

Վերահաշվարկի փուլում «Հայաստան» դաշինքը մի շարք խախտումների ապացույցներ էր ուղարկել ԿԸՀ  ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով, սակայն վերջնական արդյունքները ցույց տվեցին, որ նախնական հրապարակված թվերում էական փոփոխություն չի գրանցվել։
«Հայաստան» դաշինքը արդեն տեղեկացրել էր, որ համակարծիք չէ արդյունքների հետ և պատրաստվում է այն վիճարկել Սահմանադրական դատարանում։
Երեկ՝ հուլիսի 2-ին նրանք  արդեն պաշտոնապես դիմել են Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով:

«Հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած  «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով»,- տեղեկացրել են Սահմանադրական դատարանից:

«Հայաստան» դաշինքն էլ իր տարածած հայտարարության մեջ նշելէր. «Դաշինքն ստացել է մոտ 300 հազար ընտրողի քվե և անպայման տեր է կանգնելու այդ քվեներին, չի դավաճանելու իր ընտրողին։ Մեր պայքարը շարունակվելու է։ Այս իշխանության ամենաթողությունը պետք է սահմանափակվի, պետք է ապացուցենք, որ նրանք ներկայացնում են ամենակոռումպացված իշխանությունը Հայաստանում»:

Բացի այս դաշինքից, ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին նույն օրը դիմում են ներկայացրել նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները:

«ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում խորհրդարանը առաջին նստաշրջանը հրավիրում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Այդ մասին, ըստ նույն օրենքի, հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Սակայն, եթե ընտրությանը մասնակցած ուժը վիճարկում է ընտրության արդյունքները, ապա նոր ձևավորված 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ինքնաբերաբար հետաձգվում է, ի հետևանս՝ հետաձգվում է նաև կառավարության ձևավորումը:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ Սահմանադրական դատարանը լուծում է հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը: Ընտրությունների արդյունքների վիճարկումը ՍԴ-ում, ըստ օրենսդրության, կարող է ձգվել երկու շաբաթ կամ 15 օր: Եթե Սահմանադրական դատարանը որոշեց, որ ընտրությունների արդյունքները պետք է անփոփոխ մնան, ապա դրանից հետո միայն խորհրդարանական մեծամասնությունը կնշանակի կառավարության իր թեկնածուին և 15-օրյա ժամկետում կձևավորվի կառավարություն:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular