ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը գիտակցում է իր գործողությունների անիրավաչափությունը. Արա Խզմալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ ռազմագերիների վերադարձի հարցում ՀՀ իշխանությունները թույլ են տվել սխալներ, մասնավորապես, մեր բոլոր ռեսուրսները չենք օգտագործել գերիների վերադարձի համար: Այս թեմայով զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանի հետ։

Հարցին, թե ինչ աշխատանքներ պետք է կատարեին իշխանությունները, որ չեն արել մասնագետը պատասխանել է․ «Իմ կարծիքը որպես անհատի, ոչ որպես մասնագետի այն է, որ ավելի մեծ աղմուկ, ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն բոլոր այն երկրներում, որտեղ Հայաստանն ունի դիվանագիտական ներկայացուցիչներ, Սփյուռքի ռեսուրսներ: Բացի դրանից, պետք է ակտիվ աշխատել բոլոր այն միջազգային կառույցներում, որտեղ Հայաստանը ներկայացված է: Իրավական քայլերի առումով հիմնական քայլերից մեկն այս պահին արված է՝ ՄԻԵԴ-ում հարցը բարձրացված է: Կարծում եմ՝ գերիների մասով ժամանակն է եկել իրերը կոչել այնպես, ինչպես դրանք կան: Դա, ըստ էության, պատանդառության դեպք է: Ակնհայտ է, որ այդ անձանց պահում են, որպեսզի փոխանակեն որոշակի ռեսուրսների, որոշակի տեղեկությունների հետ: Դա ոչ այլ ինչ է, քան պատանդառություն»։

Անդրադառնալով այն հարցին, թե հայ գերիների դեմ իրականացված դատական վճիռներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Արա Խզմալյանը պատասխանել է․ «Միջազգային իրավունքի տեսանկյունից դա ակնհայտ անիրավաչափ գործընթաց է: Այդ գործընթացն ունի շատ պարզ տրամաբանություն. Ադրբեջանը փորձում է իր անիրավաչափ գործողությունները ներկայացնել որոշակի իրավաչափ համատեքստում: Այսինքն ցույց տալ, որ ինքը ոչ թե ապօրինաբար ռազմագերիների է պահում, այլ այդ անձինք չունեն ռազմագերու կարգավիճակ, որ այս կամ այն հիմքով հանցագործություն կատարած անձինք են: Դա, բնականաբար, իրականությանը չի համապատասխանում, բայց պետք է ասեմ, որ ցանկացած պետություն, որը այս կամ այն չափով խախտում է միջազգային իրավունքի նորմերը, որպես կանոն, փորձում է ձևեր գտնել՝ իր արարքը իրավաչափ ներկայացնելու համար: Մենք հենց դրա հետ գործ ունենք: Ադրբեջանը վստահաբար գիտակցում է իր գործողությունների անիրավաչափությունը և վստահաբար ամեն ջանք գործադրում է, որպեսզի այդ անիրավաչափությունը քողարկի, տվյալ դեպքում այդ դատավարական գործընթացների շրջանակներում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular