ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում գների կայունության ապահովման քաղաքականությունը ձախողվել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ազգային Վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճի վիճակագրությունը։ Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանում գնաճը 2021թ. հունիսը 2020թ. հունիսի նկատմամբ, կազմել է 6.5 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.8 տոկոս գնանկում։ Հետաքրքիր է, որ միայն սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները մեկ տարում թանկացել են 8.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ արձանագրել ընդամենը 2.4 տոկոս գնանկում: Ի դեպ, վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի և մրգի՝ 13.8 տոկոս և 5.6 տոկոս գնանկումները: Եթե մի շարք ապրանքախմբերի դեպքում հունիսը մայիսի համեմատ արձանագրել է գնանկում, ապա ձկան և ծովամթերքի, մսամթերքի, յուղերի և ճարպերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների, հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերի պարագայում գնաճը պահպանվել է: 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.5 տոկոս գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ պահպանվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ: Ուշագրավ է, որ 2021թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 6.2 և 4.5 տոկոսով, իսկ 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ՝ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 59.2 տոկոս և 47.1 տոկոս գնաճ: Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյաների մասին զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։ Անդրադառնալով հրապարակված տվյալներին` տնտեսագետը ասել է․ «2020 թվականը ՀՀ տնտեսության համար ճգնաժամային տարի էր, և առանձին ոլորտներ լուրջ կորուստներ են ունեցել, իսկ 2021 թվականի ընթացքում դեռևս չեն վերականգնվել անցած տարվա կորուստները: Այս տարվա գնաճը հունվար-հունիս ամիսներին կազմում է 5.7 տոկոս, իսկ 2021 թվականի հունիսը 2020 թվականի հունիսի նկատմամբ կազմում է 6.5 տոկոս: Սա վերջին հինգ տարիների համեմատ աննախադեպ բարձր գնաճ է, որն արձանագրվել է, ինչը վկայում է, որ Հայաստանում գնաճի վերահսկողությունը, կամ գների կայունության ապահովման քաղաքականությունը ձախողվել է: Իսկ ո՞վ է պատասխանատու գների կայունության կամ գնաճի զսպման համար. թիվ մեկ պատասխանատուն, ըստ Սահմանադրության, Կենտրոնական բանկն է, և ԿԲ վարած քաղաքականությունն այս տարի ուղղակի ձախողվել է»: 

Անդրադառնալով գնաճային գործոններից դրամի արժեզրկմանy` տնտեսագետը ասաց. «Երբ դրամը տարեսկզբին արագ տեմպերով արժեզրկվում էր, օրեցօր նաև բարձրանում էին ապրանքների գները, իսկ վերջին շաբաթների ընթացքում, երբ սկսվել էր հակառակ գործընթաց՝ դրամի արժևորում, գները մնացել են նույնը, առանձին ապրանքների դեպքում՝ գները նույնիսկ աճել են»:

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular