ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն պատրաստ է ավելի ակտիվ աջակցել ղարաբաղյան ճգնաժամի հաղթահարմանը․ եվրահանձնակատար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական միությունը պատրաստ է առավել ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում հետկոնֆլիկտային վերականգնման գործում։ Այս մասին այսօր Երևանում ասել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխեին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ ճեպազրույցի ընթացքում:

Նա ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը զոհերի և մարդասիրական ճգնաժամի է հանգեցրել։

 

«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր խաղալ ռազմական գործողություններին հաջորդած իրավիճակի կարգավորման գործում։ Պատրաստ է աջակցել վստահության ամրապնդման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցում։ Իսկ ապագայում, հիմնական գործընկերոջ կարգավիճակում, օգնել տնտեսապես վերականգնել ճգնաժամից տուժած հատվածները»,-ասել է Վարխեին։

Նրա խոսքով՝ որպես «նվեր» նա իր հետ մեծ ֆինանսական և տնտեսական ներդրումների ծրագիր է բերել՝ համաճարակի հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար։

ԵՄ-ն պատրաստ է այդ միջոցներն օպերատիվ կերպով ուղղել Հայաստանի տնտեսության շուտափույթ վերականգնմանը։ Ճիշտ այնպես, ինչպես Արևելյան գործընկերության մյուս երկրներում։

Նա նշել է, որ Հայաստանի բնակիչներն աշխատատեղերի կարիք ունեն, սակայն պետք է հաշվի առնել այն խնդիրները, որոնք գոյություն են ունեցել համավարակից առաջ։

«Այդ պատճառով մենք ցանկանում ենք առավելագույնս արագ իրականացնել տնտեսության թվայնացման նախագծերը, բայց ամենակարևորը՝ մենք ցանկանում ենք առևտրային ուղիներ և կապ ստեղծել եվրոպական շուկայի հետ։ Դրա օգնությամբ մենք կկարողանանք տարածաշրջանն ավելի մոտ դարձնել Եվրամիությանը»,-նշել է Վարխեին։

Եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն հույս ունի 17 մլրդ եվրո ներգրավել ամբողջ տարածաշրջանում ծրագրի իրականացման համար:

Ավելի վաղ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Բրյուսելին շնորհակալություն էր հայտնել Հայաստանին 1,6 մլրդ եվրո հատկացնելու համար և տեղեկացրել էր, թե ինչի վրա կծախսվի այդ գումարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular