ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի հոդվածը՝ ամպրոպ պարզ երկնքում․ Ինչպես են փորձում աղավաղել փաշինյանականները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս հոդված հրապարակեց՝ Կազանի գագաթնաժողովի տասնամյակի կապակցությամբ։ Ինչպես և սպասելի էր, երրորդ նախագահի այդ հոդվածը Նիկոլ Փաշինյանի և նրա արբանյակների համար ամպրոպ էր պարզ երկնքում։

Արցախյան հարցում Հայաստանը խայտառակ հանգրվանի հասցրած, պատերազմում անփառունակ պարտություն կրած իշխանությունն ամեն գնով փորձում է ձեռքերը լվալ արցախյան խնդրից, հնարավորինս խուսափում է Արցախի հարցը քննարկելուց, ներշնչում հանրությանը, թե այլևս անհնար է Լուծել այդ հարցը և պետք է համակերպվել պատերազմից հետո ստեղծված իրողությունների հետ։

Արցախի հարցը, բնականաբար, այս իշխանությունների ամենաթույլ կետն է, ուստի Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է նախկինների վրա բարդել բոլոր մեղքերը, ապացուցել, թե իրեն վատ բանակցային ժառանգություն էին թողել, իբր չէր կարող կանխել վտանգավոր զարգացումները։

Մինչդեռ, ինչպես հստակ արձանագրում է Սերժ Սարգսյանը, Արցախի հարցը նախևառաջ կարգավիճակի հարց է, հայկական կողմը պատրաստ էր փոխզիջումներով լուծել այն, միջազգային հանրությունն, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, սատարում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանի ռազմական ագրեսիաները ոչ միայն չէին փոխում ստատուս քվոն, այլև շնորհիվ մեր բանակի պատասխան հարվածների արդյունքում ուժեղացնում էին Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ:

Փաստարկված քննարկումների փոխարեն փաշինյանական սազանդարները սկսեցին վիրավորել երրորդ նախագահին, անհույս փորձեր ձեռնարկեցին սեպ խրել երկրորդ և երրորդ նախագահի դիրքորոշումների միջև, ծաղրել նախկիններին, իբր նրանք չեն համակերպվում Արցախի հարցի լուծման այսպիսի հակահայ որոշման հետ։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է արդարացիորեն նկատում՝ իշխանությունն իր այս վարքով ապացուցում է, որ Հայաստանի գործող իշխանությունն ուզում է ձեռքերը վերջնականապես լվալ Արցախից: Միգուցե Փաշինյանն իսկապես ուզում է իր վրայից թոթափել Արցախի հարցը, մեր երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը դնել օտարի ոտքերի տակ, մեր երկրի մի զգալի մասի բնակիչներին մենակ թողնել թշնամու դեմ, սակայն արդյո՞ք Հայաստանի և Արցախի բնակիչները պատրաստ են նման իրողությանը։ Հուսով ենք՝ ոչ։

Արմեն Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular