ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանում պաշտոնների բաժանման հարցը հուսահատության է մատնել փաշինյանականներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովը նույնիսկ չի էլ ձևավորվել, սակայն հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաժանման կարգը ցնցումներ է առաջացրել իշխող խմբակցությունում։ Խորհրդարանի 11 հանձնաժողովներից առնվազն չորսը չափազանց կարևոր են՝ դրանք ընդդիմության ձեռքում թողնելու համար, բայց Դոնթի բանաձևը, որով իրականացվելու է հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխումը այլ տարբերակ չի թողել իշխանություններին։ Դոնթի բանաձևով՝ 71 մանդատ ստացած ՔՊ-ն սկզբում ընտրում է 2 հանձնաժողով, ապա 1 հանձնաժողով ընտրելու իրավունք է ստանում «Հայաստան» դաշինքը, ապա ևս 2 հանձնաժողով՝ իշխանությունը, մեկը՝ «Հայաստան»-ը, մինչև կբաշխվեն ԱԺ 11 հանձնաժողովները։ Այսինքն՝ 11-ից 3-ը բաժին կհասնի «Հայաստանին», «Պատիվ ունեմ»-ը հանձնաժողովի նախագահի պաշտոն չի ստանա։
 
«Քաղաքացիական պայմանագիրը» ներկայումս քննարկում է, թե ինչպես անի, որ իր ձեռքում պահի պետաիրավական, պաշտպանության և անվտանգության, արտաքին հարաբերությունների հանձնաժողովները։ Պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովները, որոշվել է, որևէ գնով չտալ ընդդիմությանը։ Փաշինյանի կողմնակիցները չեն ցանկանում թույլ տալ «Հայաստան» դաշինքի մուտքը ուժային կառույցներ, նաև վերահսկողությունը արտաքին քաղաքական գերատեսչության և խորհրդարանական դիվանագիտության նկատմամբ։ Հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո այս երկու հանձնաժողովները դարձել են գլխավորները խորհրդարանում։ Չի բացառվում, որ պետաիրավական հանձնաժողովը թողնեն ընդդիմության ղեկավարմանը։
 
1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը մտադիր է օգտագործել իր թվային գերակշռությունն այդ հանձնաժողովում՝ իրեն ցանկալի օրենքների նախագծերն անցկացնելու համար, թեպետ հասկանում են, որ հանձնաժողովի նախագահը կարող է, լծակներն օգտագործելով, տորպեդահարել շատ նախագծեր։ Մեր աղբյուրը փոխանցեց, որ ՔՊ-ականները փորձելու են ընդդիմությանը համոզել վերցնել ֆինանսաբյուջետային հանձնաժողովը, սակայն վստահ չեն հաջողելու մեջ։ Ընդդիմադիր խմբակցությունը բոլորովին էլ մտադիր չէ խաղալու իշխանության խաղը և հստակ պատկերացնում է իր գերակայությունները։ Մյուս հանձնաժողովների մասով առայժմ որևէ քննարկում չկա, իշխանությունը իր համար խնդիր չի տեսնում դրանք ընդդիմությանը զիջելու մեջ։
 
Եվս մեկ լուրջ խնդիր է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի հարցը։ ԶԼՄ-ների փոխանցմամբ, «Հայաստան» դաշինքում մտադիր են այդ պաշտոնի համար առաջադրել Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» հակված է կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների մեջ և առաջադրել «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչին։ Սա, սակայն, անհնարին է, քանի որ «Պատիվ ունեմ» դաշինքը ոչ պակաս արմատական ընդդիմադիր ուժ է, և դժվար խաղա իշխանության փնթի և անհաջող խաղը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular