ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական ծաղր․ կամ ինչպե՞ս վարկաբեկել բարձր դատարանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն 5-րդ օրը շարունակում է արտահերթ ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով չորս քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները մանրակրկիտ են մոտեցել իրենց գործին, հարյուրավոր էջեր ներկայացրել՝ իշխանությունների իրականացրած ապօրինությունների, բռնության կոչերի, ԶԼՄ-ներում անհավասար մրցակցային պայմաններ ապահովելու մասին։ Իշխանությունը, կարծես, իր առջև, միայն մեկ նպատակ է դրել և հետևողականորեն իրականացնում է այդ ծրագիրը՝ հեղինակազրկել և վարկաբեկել Սահմանադրական դատարանը։

Նիկոլ Փաշինյանի թիմը, կարելի է ասել ՍԴ լսումներին մասնակցում է մի քանի թևերով՝ Արդարադատության նախարարություն, դատախազություն, ԿԸՀ և Սահմանադրական դատարանի մի քանի անդամներ։ Բովանդակային հակափաստարկներ չգտնելով՝ Դավիթ Հարությունյանին և Արամ Վարդևանյանին պատասխանելու համար՝ իշխանական թիմը հարձակումներ է գործում, վեճեր հրահրում, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, Արդարադատության նախարարի ու փոխնախարարի ձեռամբ հիշում անցյալի վատ դրվագները՝ փոխանակ մեկնաբանի իրենց իշխանության կատարած ապօրինությունները։ Քննարկումն առավել հետաքրքրական դարձավ, երբ ընդդիմությունը սկսեց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի բռնության կոչերը։ Դատախազությունը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե Փաշինյանի ձեռքին մուրճի ցուցադրումը սիմվոլ է, և այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ։ Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը հայտարարեց, թե ուսումնասիրել են բոլոր չորս դիմումներում շեշտադրված բռնության կոչերի փաստարկը, և եկել եզրակացության, որ դա բոլորովին էլ բռնության կոչ չէ։

Այս իրավիճակում առավել քան տարակուսելի է ՍԴ դատավորների վարքը։ Բացի Հրայր Թովմասյանից և Արևիկ Պետրոսյանից, որոնք ակտիվորեն մասնակցում են քննարկումներին, դրվագ առ դրվագ վերլուծում իշխանության կատարած ապօրինությունները, մնացածներն ասես քնած լինեն, անասելի պասիվ են, տպավորություն է, թե հանձնվել են Նիկոլ Փաշինյանի ողորմածությանը և, ի վերջո, քվեարկելու են հօգուտ իշխանության ապօրինությունները դակելու։ Հիշեցնենք, որ բողոքները ներկայացրել են խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։ Սահմանադրական դատարանը դատաքննությունը պետք է ավարտի մինչև այս ուրբաթ։

Արթուր Տիգրանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular