ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանկային համակարգը չի վստահում Փաշինյանին և սեփական կադրերին է գործուղում իշխանություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բանկային համակարգը Հայաստանի ամենակայացած համակարգն է, որին հաջողվեց դիմակայել 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած տնտեսական անկմանը, և այսօր էլ հաջողությամբ դիմագրավում է մարտահրավերներին։ Այս առումով պետք չէ զարմանալ, որ բանկային համակարգը դարձել է ամենաազդեցիկ գործոններից մեկը, երբեմն էլ ինքն է թելադրում իր պահանջները։ 2020թ․ հունիսին Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից ազատեց Արթուր Ջավադյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 12 տարի։ Ջավադյանին նշանակեցին հատուկ հանձնարարություններով դեսպան, իսկ ԿԲ նախագահի պաշտոնը փոխանցեցին Մարտին Գալստյանին։ Իշխանափոխությունից հետո բանկային համակարգից նշանակվեց նաև Մհեր Գրիգորյանը, ով մինչ այդ «Արդշինբանկի» վարչության նախագահն էր։ 2018թ․ հոկտեմբերին, երբ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում ազատեց ՀՅԴ և ԲՀԿ ներկայացրած բոլոր նախարարներին, Մհեր Գրիգորյանը շարունակեց պաշտոնավարել։
 
Տևական ժամանակ ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ Մհեր Գրիգորյանը նշանակվելու է ԱԳ նախարար։ Փաշինյանի մերձավորների մեջ չկա որևէ մեկը, ով կհամապատասխանի այդ կարևոր պաշտոնին, իսկ Մհեր Գրիգորյանը միակն է, ով կարողացել է նորմալ հարաբերություններ պահպանել ռուսական կողմի հետ։
 
1or.am-ն արդեն գրել է, որ փոխվարչապետներ կնշանակվեն ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը և Փաշինյանի ամենահավատարիմ «զինակիցներից» մեկը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Եթե Պապիկյանի դեպքում ամեն բան պարզ է, նա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։ Արթուր Ջավադյանի նշանակումը հենց բանկային համակարգի պահանջն է։ Եվ այդ նշանակումը վկայում է, որ բանկային համակարգը բացարձակապես չի վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ցանկանում է իր մարդն ունենալ իշխանության վերին օղակներում՝ բանկերի շահերն առաջ մղելու համար։ Իհարկե, նման նշանակումը խոսում է Փաշինյանի իշխանության թուլության մասին, սակայն սա ձեռնտու է նաև վարչապետի պաշտոնակատարին։ Նախ, նա ազատվում է ԱԳ նախարար նշանակելու դարդից, անհրաժեշտության դեպքում էլ ծագած խնդիրները կբարդի բանկային համակարգի վրա։ Մյուս կողմից էլ կօգտագործի բանկային համակարգի հնարավորությունները՝ անձնական և կուսակցական հարցերը լուծելու համար։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular