ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաշմանդամություն ունեցող երեխաների համերգը ՆԱՄ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված համերգը: Այն կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական թեմի և «Նարեկացի» արվեստի միության ջանքերով:

Երեկոյին մասնակցում էին Երևանի գիշերօթիկ հատուկ դպրոցների ու երեխաների խնամքի կենտրոնների սաները (8 դպրոցից):

Միջոցառումը մեկնարկվեց տերունական աղոթքով՝ երեխաների ներկայացմամբ:

-Այսօր մեզ միավորել է սերը երեխաների հանդեպ: Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաները: Եկեղեցին միշտ հոգևոր ներգործություն է ունենում երեխաների վրա, բայց մենք դրանով չենք բավարարվում. մենք փնտրում ենք նոր ուղիներ՝ նրանց առաջընթացը կյանքում ապահովելու համար… Մենք պետք է նրանց մեջ սերմանենք կյանք մտնելու համարձակությունն ու ընկճվածությունից ձերբազատվելու կարողությունը: Շատ կարևոր է նաև, որպեսզի ճիշտ վերաբերմունք կարողանանք ցուցաբերել հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ՝ ընդունելով նրանց որպես հասարակության լիարժեք անդամներ...,- իր խոսքում ընդգծեց Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյան:

Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը կատարեց խաչերի օրհնության արարողություն. օրհնված խաչերը հանձնվեցին միջոցառմանը մասնակից երեխաներին:

Երեխաներից շատերը բեմ էին բարձրանում առաջին անգամ: Կային պատանիներ, ովքեր արդեն ունեին միջազգային փառատոներին մասնակցելու և մեծ բեմերում ելույթ ունենալու փորձ, օրինակ՝ Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի «Մենք» մնջախաղի ստուդիայի անդամները:
Համերգային երեկոյի ընթացքում լսողության խանգարումներ ունեցող և խուլ երեխաները հանդես եկան մնջախաղով և երգեցին ժեստերի լեզվով: Տեսողական խանգարումներով և կույր երեխաները ելույթ ունեցան պարով, կիթառով և երգով: Հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաները ցուցադրեցին խամաճիկների ներկայացում: Սրահում ցուցադրվեցին նաև այդ դպրոցների սաների ձեռքի աշխատանքներից:

-Միշտ ՆԱՄ-ի հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, տաղանդավոր երեխաները, և վստահ եմ, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, - այս խոսքերով համերգային երեկոն եզրափակեց «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular