ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացիները մանդատ տվեցին Նիկոլ Փաշինյանին և հիմա մենք պետք է այդ իրավիճակի ողջ ողբերգությունը տանենք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային՝ պետքարտուղարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ զարգացումներ կարող են լինել այս ուղղությամբ քաղաքագետը պատասխանել է․ « Կա արտաքին քաղաքական գործընթաց, որը տարածաշրջանում առնչվում է ԱՄՆ-ի շահերի հետ՝ կապված Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի գործողությունների հետ։ Եվ, բնականաբար, Հայաստանի դիրքորոշումը նույնպես ունի իր նշանակությունը։ Ինչի մասին էր այդ խոսակցությունը, դժվար է կանխատեսել, բայց ակնհայտ է, որ վերաբերում է տարածաշրջանում առկա իրավիճակին։ Եվ հասկանալի է, որ դա նաև կապ ունի սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին Ռուսաստանի եռակողմ առաջարկի հետ, որին Նիկոլ Փաշինյանը համաձայնություն էր տվել ստորագրել ընտրություններից հետո։ Տեսանելի է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ, պնդում են, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այդ եռակողմ ձևաչափի հովանու ներքո, նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահների եռակողմ ձևաչափը։ Այստեղ կա դիրքերի հակադրություն։ Ադրբեջանն իր հերթին սրում է վիճակը, օգտագործում է սահմանին ստեղծված դրությունը, որպեսզի այդպիսով իր ծրագիրն առաջ տանի։ Ռուսաստանի Դաշնությունն ըստ էության լոյալություն է ցուցաբերում այդ բոլոր գործողությունների նկատմամբ։ Հայաստանը հայտնվել է այդ դրության մեջ, որ ոչ կարող է Արևմուտքի հետ համագործակցել, ոչ էլ ի վիճակի է թղթի վրա լեգիտիմացնել այն իրողությունը, որն ուզում է տարածաշրջանում հաստատել Ադրբեջանը։ Քաղաքացիները մանդատ տվեցին Նիկոլ Փաշինյանին, և հիմա մենք պետք է այդ իրավիճակի ողջ ողբերգությունը տանենք։ Մենք ամեն ամիս ունենալու ենք զոհեր, գերիներ և այլն։ Ցավալի է, բայց մեր հանրությունը որոշեց հանդուրժել այդ ամենը։ Եվ տեսնում ենք, որ իշխանությունները հանրության տված մանդատից լիովին օգտվում են, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։ Արդեն որերորդ դեպքն է, բայց ղեկավարությունից որևէ մեկին պատասխանատվության ենթարկեցի՞ն։ Այսինքն՝ սա մնում է մի բեռ ժողովրդի ուսերին, որն այս ժողովուրդը պետք է տանի, քանի որ դա հենց մեծամասնության ընտրությունն է»։

Անդրադառնալով սահմանագծին տեղի ունեցած իրավիճակին` քաղաքագետը ասաց․ «Կանխատեսելի իրավիճակ է։ Ցավալի է, բայց մեր քաղաքացիները կողմ են քվեարկել, որպեսզի այդ իրավիճակը պահպանվի և շարունակի լինել մեր կյանքի առօրյա երևույթներից մեկը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular