ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ որոշում էլ կայացնի ՍԴ-ն, ներքաղաքական ճգնաժամը չի ավարտվելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր հրապարակելու է խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով չորս քաղաքական ուժերի դիմումների հարցով որոշումը։ Չենք կարող գուշակել, թե ինչ որոշում է կայացնելու Սահմանադրական դատարանը։ ՍԴ-ն կարող է բավարարել դիմումները և նոր ընտրություններ նշանակել, մերժել դիմումները կամ էլ մանդատների բաշխման նոր կարգ սահմանել։ Վերջին տարբերակը միջնորդել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, և ՍԴ-ն ունի նման լիազորություն։ Բարձր դատարանը կարող է արձանագրել, որ ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել, և մեծամասնություն ունեցող խմբակցությանը տրվող մանդատները կարող է սահմանափակել պատգամավորական ընդհանուր մանդատների թվի մինչև 3/5-ով։ 

Ինչպիսի որոշում էլ կայացնի ՍԴ-ն, փաստ է՝ խորհրդարանական ընտրությունների հիմնական նպատակը՝ երկիրը դուրս բերել ներքաղաքական ճգնաժամից, ձախողվել է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր ապիկար ղեկավարի գլխավորությամբ, նույնիսկ ստացած 54 տոկոս քվեի պարագայում ի զորու չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից, խորհրդարանում հայտնված արմատական ընդդիմությունն էլ խոստանում է նոր ու տհաճ պահեր իշխանության համար։ 

Առաջիկա ամիսներին, երբ երկիրը, փաստացի, կանգնած է նոր պատերազմի առաջ, և դեռ չի վերականգնել կորսված ռեսուրսները, մենք ուշքի գալու փոխարեն դիտելու ենք խորհրդարանի «ռազբորկաները», վերին ամբիոնից հնչելիք հայհոյանքները, ինչու ոչ՝ ձեռնամարտերը։ Իսկ ընթացքում կորցնելու ենք երկրի վերականգնման վերջին շանսը, Արցախը ամրապնդելու շանսերը։ 

Ինչ էլ որ լինի, Հայաստանի քաղաքացին ինքն է կատարել վատ ընտրությունը, և պետք է ամեն ինչ անել անդառնալիության կետին չհասնելու համար։ Փորձել ուշքի բերել մարդկանց, վերականգնել կորսված հավատը, փրկել երկիրը անդունդ գլորվելու հավանականությունից։

Արսեն Լալայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular