ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանական դիվանագիտությունը երկու կողմերի հետ էլ աշխատում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար: Իրանի նոր նախագահը տարբեր կերպ է շնորհակալություն հայտնել Փաշինյանին ու Ալիևին։

«Ընդհանուր մարտահրավերներն անխուսափելի են դարձրել երկու երկրների փոխգործակցության խորացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման և կայունության պահպանման: Հուսով եմ՝ առաջիկա ժամանակահատվածում կկարողանանք սիներգիայի սկզբունքով ազդեցիկ քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում համագործակցության հիմքերի ամրապնդման ուղղությամբ»,- Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված իր շնորհակալական խոսքում նշել է Ռայիսին:

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևին ուղղված իր ուղերձում, սակայն, Իրանի նորընտիր նախագահը շոշափել է մեր պետության համար չափազանց զգայուն հարցեր. Իրանի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին «օկուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ»:

Ի դեպ, այս հայտարարության առնչությամբ Հայաստանի Հանրապետությունից պաշտոնական մեկնաբանություններ ու պատասխաններ դեռևս չեն հնչեցվել:

Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Հարցին, թե ինչպես է գնահատում Իրանի նորընտիր նախագահի ուղերձը Վարդան Ոսկանյանը պատասխանել է․ «Իրականում իրանցիները միշտ խոսել են տարածքային ամբողջականության մասին. դա վերաբերում է անխտիր բոլոր խնդիրներին: Ցավոք սրտի, այժմ արդեն խոսում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության կողմնակից լինելու մասին. նման հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հանդեպ դիրքորոշումներին, ապա իրանական կողմից հնչող այդ հայտարարությունները ցուցիչ և ուղերձներ են Հայաստանի Հանրապետությանը առ այն, որ եթե Հայաստանում դեռևս իշխանության է մի վարչակարգ, որը, ըստ էության, Արցախից զգալի հատվածներ է զիջել Ադրբեջանին, խաթարել է Հայաստանի անվտանգությունը բազմաթիվ հատվածներում ու այդ իշխանությունը ստանում է ձայներ, այսինքն նրան ընտրում են, ապա իրանցիները որևէ պատճառ չեն տեսնում Ադրբեջանի հետ իրենց համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելու»:

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին ուղղված ուղերձի շեշտադրումներին՝ իրանագետն առանձնացրեց «համատեղ մարտահրավերների» մասին հիշատակումը և ասաց. «Եթե փակագծերը բացենք, ապա դա նշանակում է՝ մի կողմից, այո՛, իրանցիները խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, մյուս կողմից՝ դա համարում են մարտահրավեր: Այսինքն, իրանական դիվանագիտությունն աշխատում է երկու կողմերի հետ էլ: Այս համատեքստում այլ խնդիր էլ ունենք՝ Հայաստանի կողմից ինչպիսի՞ աշխատանք է տարվում Իրանի և միջազգային հանրության հետ: Կարծում եմ, որ այդ աշխատանքները չի կարելի բավարար գնահատել, ուստի սպասել, թե ինչ-որ պրոհայկական դիրքորոշումներ կհնչեն, տեղին չէ. իրանական կողմից որևէ պարագայում նման դիրքորոշումներ չեն հնչի, եթե մենք չիրականացնենք մեզ հասանելիք աշխատանքները՝ Իրանի ներսում ստեղծելով հասարակական տարբեր շերտերի և քաղաքական վերնախավերի մեջ պրոհայկական կողմնորոշում ունեցող անձանց և խմբերի զգալի ներկայություն: Պրոհայկական ասելով ես նկատի ունեմ այն խնդիրները, որոնք վերաբերում են նաև Արցախի և համատեղ մարտահրավերներին դիմակայելուն, իսկ Արցախում ի հայտ են եկել հենց նման մարտահրավերներ. խոսքը թե՛ այդ տարածքներում ահաբեկիչների հնարավոր ներկայության մասին է, ինչը կարծեք լիովին մոռացության է մատնվել, թե՛ Ադրբեջանում և Արցախից բռնազավթված հատվածներում թուրքական ներկայության ամրապնդման մասին, և թե՛ այն մասին, որ Թուրքիան շատ դեպքերում ներկայանում է՝ որպես մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործակատար: Այս բոլոր խնդիրներով Իրանի հետ պետք է տարվեն աշխատանքներ, ու նաև այն խնդիրներով, որոնք թվում է՝ առաջին հայացքից ունեն տնտեսական նշանակություն, բայց նաև՝ աշխարհաքաղաքական և անվտանգային կարևորություն. խոսքը Պարսից ծոցը Սև ծովին միացնող միջանցքի աշխատանքների մասին է»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular