«Աշխատանքները» որևէ արդյունք տվե՞լ են, ի վերջո, թե՞ ընդհակառակը, թշնամու զինվորները դեռ մի բան էլ առաջ են եկել․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Մայիսի 12-ին լուր տարածվեց, որ Ադրբեջանի զինված ուժերը Սև լճի տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել, պաշտոնական տեղեկությամբ, մինչև 3,5 կիլոմետր: Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ ադրբեջանցիներն, «ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը»: Նա նշել էր նաև, որ աշխատանք է տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ:
Մայիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում նկար էր տեղադրել և գրառում կատարել. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի հետ այսօր գնացել էինք Սև լիճ»: Դրա նպատակն էր՝ «վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո»: Եվ ահա, վերջին օրերին ադրբեջանական սոցցանցերում և Տելեգրամ-ալիքներում ակտիվորեն շրջանառվում է տեսանյութ, որտեղ երևում են ադրբեջանցի զինվորականներ ու ադրբեջանական «պոստ»:
Ըստ քննարկումների, խոսքը հենց այն տարածքի մասին է, որտեղ կատարվել է նշյալ նկարը, այսինքն, ադրբեջանական զինվորները ոչ միայն շարունակում են մնալ Սև լճի տարածքում, այլև որոշակի առաջխաղացում են ունեցել: Ճիշտ կլիներ, որ մեր համապատասխան գերատեսչությունները ժամանակին արձագանքեին նման տեղեկություններին, որպեսզի հանրությանը պարզ լինի՝ իրականում Փաշինյանի ասած «աշխատանքները» որևէ արդյունք տվե՞լ են, ի վերջո, թե՞ ընդհակառակը, թշնամու զինվորները դեռ մի բան էլ առաջ են եկել...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում