ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էներգետիկայի ոլորտում վերջին երեք տարվա ընթացքում ստեղծվել է կայուն զարգացման, արդյունավետ կառավարման հետ որևէ աղերս չունեցող միջավայր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը: Կառավարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է ֆոնդի կողմից իրականացված գործարքների արդյունքները, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության տրամաբանության ներքո պետություն-մասնավոր հատված գործունեության հնարավորությունները, խոշոր ներդրումային ծրագրերի ներգրավմանը միտված աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ էներգետիկայի ոլորտում ընթացքի մեջ է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի հիմնման ծրագիրը՝ «Մասդար» ընկերության հետ համագործակցությամբ: Այն գնահատվում է 174 մլն դոլար:

Փափազյանը վստահություն է հայտնել, որ այս մեծածավալ ծրագիրը կնպաստի արտադրական հզորությունների ընդլայնմանն ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը:

Նշվել է նաև էներգետիկայի ոլորտում նոր նախագծեր իրականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Վահե Դավթյանի հետ։

Անդրադառնալով այս ծրագրին՝ տնտեսագետը ասաց, որ այս կամ այն խոշոր նախագիծ իրականացնելու համար տվյալ ոլորտում նախևառաջ անհրաժեշտ է ունենալ առնվազն առողջ մթնոլորտ․ «Էներգետիկայի ոլորտում, ինչպես գիտենք, վերջին երեք տարվա ընթացքում ստեղծվել է կայուն զարգացման, արդյունավետ կառավարման հետ որևէ աղերս չունեցող միջավայր: Խնդիրը պայմանավորված է առավելապես աշխարհաքաղաքական զարգացումներով, մասնավորապես, հետպատերազմյան իրողություններով: Էներգետիկայի, առհասարակ, վերականգնվող էներգետիկայի ոլորտում այդ իրողությունները լրջագույն հարված են հասցրել ներդրումային գրավչությանը, ինչի դրսևորումներից է, օրինակ, Հայաստանում քամու էներգետիկա զարգացնող «Զոդ Ուինդ» ընկերության դատական հայցն ընդդեմ կառավարության՝ անվտանգ տնտեսվարման պայմաններ չապահովելու համար: Ինչպես գիտենք, նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից մի քանի օր անց ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք՝ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ, որտեղ գործունեություն էր ծավալում ընկերությունը: Վերջինս արդյունքում կրել է 5 մլն դոլարի վնաս: Միայն այս փաստը թույլ չի տալիս լավատեսորեն վերաբերվել կառավարության կողմից հռչակվող վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին: Դա քաջ հասկանում են նաև պոտենցիալ ներդրողները»։

Ըստ Վահե Դավթյանիշ դեպքն ամբողջ համակարգի համար մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի. այս համատեքստում նա հիշեցրեց նաև Մասրիկ-1 արևային կայանի շուրջ անորոշությունների մասին. «Իմ խորին համոզմամբ, հարցականի տակ է նաև Մասրիկ-1 արևային կայանի կառուցման ծրագիրը. այն, ինչպես գիտենք, պետք է կառուցվի Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում՝ Քարվաճառի անմիջական հարևանությամբ. այն օդային տարածքով 8 կմ հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքից ու ակտիվորեն ռմբակոծվում էր պատերազմի օրերին: Պատահական չէ, որ նախագծի ավարտը 2020 թվականից տեղափոխվել է 2025 թ.: Մեծ հաշվով, եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի ու սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն իրականացվեն այնպես, ինչպես ցանկանում է Բաքուն, ապա դժվար է պատկերացնել այդ կայանի ապագան, այն հայտնվում է չափազանց վտանգավոր գոտում: Այս ամենը հաշվի առնելով՝ շատ դժվար է լուրջ վերաբերվել ԱՅԳ-1 նախագծի հեռանկարին: Ոլորտը պարալիզացված է ու չունի նման մեծ նախագծերի իրականացման իրական ներուժ: Ի դեպ, նույն «Մասդար» ընկերությունը զուգահեռաբար արևային էներգետիկա է զարգացնում նաև Ադրբեջանում ու ի տարբերություն Հայաստանի՝ այնտեղ արդեն կոնկրետ աշխատանքներ են սկսվել»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular