Ազգային փոքրամասնությունների մանդատով ովքեր կդառնան պատգամավոր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտնել է, թե նորընտիր խորհրդարան անցած 3 խմբակցություններից ովքեր են ինքնաբացարկ հայտնել, որից հետո՝ հայտնի կլինի, թե ովքեր են վերցնելու մանդատները։
Արդեն հայտնի է նաև թե ինչպես են բաշխվելու ազգային փոքրամասնությունների 4 մանդատները։
Վերոհիշյալ 4 մանդատից 3-ը բաժին կհասնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մեկը՝ «Հայաստան» դաշինքին։
ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ «Հայաստան» դաշինքին կտրվի ազգային փոքրամասնություններից ասորական համայնքին բաժին ընկնող մանդատը։
«Հայաստան» դաշինքը ասորական համայնքից ներկայացրել է Զեմֆիրա Միրզոևայի թեկնածությունը։ Միրզոևայի կենսագրական տվյալների մասին համացանցում տեղեկատվություն չկա, հայտնի է միայն, որ նա ծնվել է 1995 թ. մայիսի 20-ին և բնակվում է Արարատի մարզում։
Եզդիական, ռուսական և քրդական համայնքներին բաժին հասնող մանդատները կստանան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները, ընդ որում՝ այս կուսակցության կողմից ներկայացված ազգային փոքրամասնությունների բոլոր ներկայացուցիչները նաև 7-րդ գումարման պատգամավորներ են։
Հասատանի ամենամեծ՝ եզիական համայնքը խորհրդարանում կներկայացնի Ռուստամ Բաքոյանը։
Ներկայացնում ենք Ռուստամ Բաքոյանի կենսագրությունը։
Ծնվել է 1986թ. փետրվարի 6-ին Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում:
2004թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: Նույն թվականին զորացրվել է առողջական խնդիրների պատճառով:
2009թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական-աշխարահագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը: Պատմաաշխարհագրագետ:
2011թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մագիստրատուրան: Արեւելագետ (իրանագետ):
2010-2012թթ. եղել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատող: 2010-2013թթ.՝ Եվրոպական քոլեջի (Վեդու մասնաճյուղ) դասախոս: 2016թ. նոյեմբեր-դեկտեմբեր՝ Նոր կյանք համայնքի ղեկավարի տեղակալ: 2017-2018թթ.՝ «Լալըշ» հեռուստաընկերության տնօրեն, Երեւանի մասնաճյուղի համակարգող, «Կարծիքների խաչմերուկ» վերլուծական եւ «Գյուղից գյուղ» հաղորդաշարերի հեղինակ եւ վարող: 2018-2019թթ.՝ Հայաստանի հանրային ռադիոընկերության խմբագիր-թարգմանիչ:
2007թ. «Շամս» հայ-եզդիական երիտասարդական շարժման համահիմնադիր, 2014թ.՝ նախագահ: 2014թ. կազմակերպել է Շանգալի եզդիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացը:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած չէ:
Ռուսական համայնքը կներկայցնի Ալեքսեյ Սանդիկովը։
Ներկայացնում ենք Ալեքսեյ Սանդիկովի կենսագրությունը։
Ծնվել է 1983թ. հուլիսի 23-ին Երեւանում:
2004թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոմերցիայի եւ ապրանքագիտության ֆակուլտետը: Շուկայագետ: 2007թ.` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան:
2004-2007թթ.` «Արմեն Փալփ» ՍՊԸ (ռուսական «Պեֆ սոյուզ» ընկերության ներկայացուցիչ ՀՀ-ում) մենեջեր: 2007-2009թթ.` ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության սպա (պահեստազորի ավագ լեյտենանտ): 2009-2014թթ.` ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ (քաղաքացիական հատուկ ծառայություն): 2014- 2015թթ.` «Ինտերսքուլ քոննեքտ» ՍՊԸ (www.dasaran.am կրթական ծրագիր) փոխտնօրեն: 2015-2019թթ. հունվար` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ («Արմթաբ» դյուրակիր համակարգիչների գործարան) փոխտնօրեն:
Մասնակցել է մի շարք` Ժրինի Միկլոշի անվան ազգային պաշտպանական համալսարանի «Ռազմական տերմինաբանություն» (2008թ., Հունգարիա) եւ ՆԱՏՕ-ի շտաբային սպաների համար նախատեսված (2010թ., Հունգարիա), ԵՊՀ քաղաքացիական հատուկ ծառայողների վերապատրաստման (2011 եւ 2014թթ., ՀՀ), ՆԱՏՕ-ի դպրոցի «Արարողակարգի» (2013թ., ԳԴՀ) եւ «Ռեսուրսների կառավարում» (2014թ., ԳԴՀ), ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի «Տեղեկատվության կառավարում եւ փոխանակում» (2013թ., Բելգիայի Թագավորություն), Բունդեսվերի միջազգային համագործակցության կենտրոնի «Զինված ուժերը ժողովրդավարության համակարգում» (2014թ., ԳԴՀ) դասընթացներին:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Ռազմական կրթության աջակցության համար» (2009թ., ՀՀ ՊՆ), «Ադմիրալ Իսակով» (2011թ., ՀՀ ՊՆ), «Մարշալ Բաղրամյան» եւ «ՀՀ զինված ուժեր. 20տարի» հոբելյանական (2012թ., ՀՀ ՊՆ ) մեդալներով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Քրդական համայնքը կներկայացնի Կնյազ Հասանովը։
Կնյազ Հասանովի կենսագրությունը։
Ծնվել է 1945թ. հունվարի 17-ին Կոտայքի մարզի Աստղաբերդ գյուղում:
1969թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործական ֆակուլտետը: 1968թ.՝ ՍՄԿԿ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետը:
1970-1973թթ. եղել է Աբովյանի շրջխորհրդի գործկոմի ճարտարագետ-հողաշինարար, պլանային հանձնաժողովի նախագահ: 1973-1997թթ.՝ Աբովյանի կինոցանցի տնօրեն, 1977-2014թթ.՝ «Կոտայքի շրջկինոցանց» ՍՊԸ տնօրեն:
1995 թվականից՝ «Քուրդիստան կոմիտե» հկ անդամ, ապա՝ փոխնախագահ: 2000թ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ: 2007 թվականից «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հկ խորհրդի նախագահն է, խորհրդի «Զագրոս» հայերեն հրատարակվող պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր (հասարակական կարգով):
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով (2010թ.):
Ամուսնացած է, ունի երկու զավակ: