ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե հիմա փողոցային ներքաղաքական պայքար չի ընթանում, դա չի նշանակում, որ ճգնաժամը հաղթահարված է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում՝ մինչ օրակարգին անդրադառնալը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՍԴ-ի՝ ընտրությունների վիճարկման վերաբերյալ որոշմանը, շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ խորհրդարան անցնելու առիթով՝ նշելով, թե ՍԴ-ն իր որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրել է, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընթացել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան:

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Հարցին, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական լարվածությունը հարթվել է քաղաքագետը պատասխանել է․ «Ես չեմ կարծում, թե ընտրություններից հետո ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է: Կարծում եմ՝ ոչ թե ճգնաժամը հաղթահարվել է, այլ որոշ ժամանակով Հայաստանում ներքաղաքական կյանքը պարզապես մեռել է, չկա այդպիսի կյանք, գոյություն չունի: Սա է իրականում: Բայց իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված, շատ պայթյունավտանգ: Նախևառաջ այդ բոլոր կասկածները շարունակում են մնալ, որովհետև մենք՝ բոլորս, անկախ ՍԴ որոշումից, ականատես եղանք, օրինակ, իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի ահավոր ծավալների կիրառման և այլն: Այսինքն՝ կասկածներն ամեն դեպքում մնում են: Եթե հիմա՝ այս պահին, փողոցային ներքաղաքական պայքար չի ընթանում, դա չի նշանակում, որ ճգնաժամը հաղթահարված է»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ տարբերություն է եղել այս և նախորդ ընտրություններից հետո ներքաղաքական դաշտում քաղաքագետը պատասխանել է․ «Խնդիրն ընդամենը հետևյալն է, որ նախորդ ընտրություններից հետո ընդդիմությունը դուրս էր գալիս պայքարի, որովհետև իշխանությունները, որպես կանոն, բավականին շատ բացահայտ կեղծում էին ընտրությունները: Այս անգամ կեղծիքներ, ես վստահ եմ, որ եղել են, գուցե այդքան բացահայտ չեն եղել, բայց հիմնական պատճառը սա չի: Հիմնական պատճառն այն է, որ առավել ակտիվ ընդդիմադիր ուժերը, նկատի ունեմ առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը, բավականին խոցելի էին իրենց անցյալի տեսանկյունից և հանրային ընկալման մեջ, այնուամենայնիվ, բավականին բացասական վարկանիշ ունեին, և դա էր, որ նրանց գուցեև հնարավորություն չտվեց հետընտրական ակտիվ քաղաքական պայքար մղել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular