ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրուելյան ոճով․ որոշ «հավասարների» անհավասարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»,- Ջորջ Օրուելի հռչակավոր «Անասնաֆերմա»-ի այս շքեղ ձևակերպումն այսօր լիովին կարելի է տարածել Հայաստանի գործող իշխանությունների վրա։ Արդարության, իրավահավասարության, օրենքի գերակայության կարգախոսներով իշխանության եկած վարչախումբը բացարձակ թքած ունի օրենքի վրա, իսկ երբ օրենքի պահանջները վերաբերում են իրենց կողմնակիցներին, խախտում են՝ առանց աչքը թարթելու։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դեռ շարունակում է պաշտոնավարել, թեև նրա որդուն հետախուզում են։ Իսկ որդին՝ Կարեն Պողոսյանն առանձնապես «մեծ» բան չի արել, հուլիսի 14-ի գիշերը ինքնաձիգով կրակահերթեր է արձակել Գորիս քաղաքում, ծանր վիրավորել երկու անձանց։ Կարեն Պողոսյանը հետախուզվում է, սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ նրա հայրը թաքցրել է որդուն, չի հանձնում իրավապահներին։

Ցանկացած նորմալ երկրում այդպիսի պաշտոնյան մեկ վայրկյան անգամ չէր շարունակի մնալ պաշտոնին, երկրի ղեկավարն ինքն էլ թույլ չէր տա նման ապօրինություն։ Բայց Հայաստանը ապրում է այլ տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների համար էլ արդարությունն այլ կերպ է աշխատում։ Հիշում են օրենքի դրույթների մասին, երբ իրավախախտում կատարելու մեջ կասկածվում են քաղաքական հակառակորդները, իսկ իրենց կողմնակիցների ակնհայտ հանցագործություններին չեն էլ անդրադառնում։

Կասկած չունենք՝ Պողոսյանի որդին կներկայանա ի վերջո, նրա նկատմամբ կալանք չեն էլ կիրառի, հետո էլ թեթև պատիժ կնշանակեն։ Փաշինյանի կողմնակցի որդին էլ հո՞ անվանի բժիշկ Արմեն Չարչյանը չէ, որ շաբաթներ շարունակ մատից ծծած մեղադրանքով կալանքի տակ պահեն, որդեկորույս հայր Գեղամ Նազարյանը չէ, որին ոստիկանները դաժանաբար քարշ էին տալիս գետնին։

Իշխանության մեկ այլ ներկայացուցիչ էլ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ամիսներ առաջ ճարահատյալ հրաժարական տվեց պաշտոնից, այն բանից հետո, երբ հարձակվել և հարվածներ էր հասցրել լրագրողին։ Իսկ այսօր Արշակյանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր է ընտրվել և հավակնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին։ Պառլամենտարիզմի հիրավի ցցուն դրսևորում։ Այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ բացակայում է պետական մտածողությունը։ Անձնական ամբիցիաներն ու նեղ կուսակցական շահերն ավելի կարևոր են փաշինյանականների համար, քան պետական շահը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը: Եվ օրենքը չի էլ գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին է ապիկար և հանցավոր տգետների այս խառնամբոխը։

Վախթանգ Թևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular