ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պառլամենտական վերահսկողության մեխանիզմների անհրաժեշտությունը մշտապես կա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալեն Սիմոնյանը վերջերս հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու մտադրության մասին: Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Հարցին, թե 44-օրյա պատերազմի վերաբերյալ այդպիսի հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտություն կա՞ իրավապաշտպանը պատասխանել է․ «Ոչ միայն 44-օրյա պատերազմի, ընդհանրապես քննիչ հանձնաժողովների ինստիտուտի, կամ պառլամենտական վերահսկողության մեխանիզմների անհրաժեշտությունը մշտապես կա: Օրինակ, ո՞վ է ասել, որ չպետք է քննության առնվեն խորհրդարանի վրա հարձակման հանգամանքները, կամ կառավարության շենքի դեմ հարձակումները, այն նպատակով, թե ինչու և ինչ պատճառներով անվտանգության մարմինները, հասարակական կարգի պահպանման մարմինները չեն կարողացել կանխել այդ հարձակումները, որոնք ուղեկցվել են բռնություններով, գույքի վնասմամբ և այլն: Շատ-շատ հարցեր կան, որոնք հանրային նշանակություն ունեն և որոնց վերաբերյալ քննիչ հանձնաժողովների մեխանիզմը պետք է գործի դրվի, որպես խորհրդարանական վերահսկողության արդյունավետ մեխանիզմ: Իսկ դրանք գործի գցելով` կզարգանան նաև խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները, որի ավանդույթը մենք չունենք»։

Անդրադառնալով այն հարցին, թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում այն, որ Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել Արթուր Սաքունցը պատասխանել է․ «Շատ վատ եմ գնահատում, որովհետև դրանով ստվեր նետվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա, որը նոր ստեղծված մարմին է: Բարձրագույն դատական խորհուրդը պատշաճ մակարդակի վրա չգտնվեց պաշտոնատար անձանց, տվյալ դեպքում հենց ԲԴԽ-ի նախագահի, հետագայում նաև դատավորների բարեվարքության գնահատման առումով, որովհետև եթե նման բացթողումներն ընդունելի են համարվում բարեվարքության տեսակետից, ապա, կներեք, դա Պանդորայի արկղ է բացում, որ ցանկացած մեկ այլ պաշտոնատար անձ՝ դատավոր, դատախազ և այլն, կարող են նման «թյուրիմացությունների» համար պատասխանատվության չենթարկվել կամ գնահատականի չարժանանալ և համարել դա համապատասխան բարեվարքության նորմերին: Նման դեպքում բարեվարքությունն ինքնին որպես ինստիտուտ, քայքայվում է, ոչնչանում է»։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular