ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն և Վաշինգտոնը հայտնվել են կոնֆլիկտի եզրին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ng.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի սենատը սկսել է քննարկել 2022 թվականի ԱՄՆ-ի արտաքին օգնության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Սկզբում այդ փոփոխությունները կգնան համապատասխան հանձնաժողովներ, այնուհետև կքննարկվեն ամբողջ վերին պալատի կողմից: Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած այդ փոփոխությունը հատկանշական է Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ-ի ռազմական օգնության կրճատման տեսակետից: Դա տեղի է ունենում ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման, այլ նաև Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչմանը նպատակաուղղված Թուրքիայի որոշման ֆոնին:

Փոփոխությունը, որը հաստատվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների կողմից, կոչվում է «Փալլոնի ուղղում» հեղինակի՝ դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալլոնի անունով:

Ըստ այդ փաստաթղթի «Միջազգային ռազմական կրթության և ուսուցման» և «Արտասահմանյան ռազմական ֆինանսավորման» ծրագրերի շրջանակներում սույն օրենքին համապատասխան հատկացվող կամ այլ կերպ տրամադրվող միջոցները չեն կարող հասանելի լինել Ադրբեջանի համար: Այսինքն, պարզ ասած, ադրբեջանցի զինծառայողները չեն վերապատրաստվի ամերիկյան փողերով և ամերիկացի զինծառայողների կողմից: Միևնույն ժամանակ, ոչինչ չի խանգարում Պենտագոնին ԱՄՆ -ի պաշտպանական բյուջեի հաշվին Ադրբեջանին մատակարարել ռազմական տեխնիկա: Այն մասին, որ այնուամենայնիվ ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը չի սահմանափակվել, վկայում են նաև ՆԱՏՕ -ի հովանու ներքո անցկացվող զորավարժությունները, որոնք ներկայումս ընթանում են  Վրաստանում և կավարտվեն օգոստոսի 6 -ին: Այդ զորավարժություններին մասնակցում են նաև Ադրբեջանի զինծառայողները:

Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատի աջակցությունն օրինագծին  արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Իհարկե, դրա ընդունման վրա ազդել են բախումները հայ-ադրբեջանական սահմանին: Ներկայացուցիչների պալատի օրինագծին հավանություն տալու հաջորդ օրը պետքարտուղարությունը հայտարարություն էր տարածել կոչ անելով երկու երկրներին դադարեցնել բռնությունները: «Հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-ասված է փաստաթղթում: Նկատի առնելով այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի թաքցնում իր սառը վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ  համարելով այդ կառույցը անարդյունավետ և սպառված, պետքարտուղարության այս հայտարարությունը առավելապես հայամետ է:

Ադրբեջանի հետ հակամարտության մեջ Հայաստանի նկատմամբ իրենց համակրանքը օրինագծի հեղինակները չեն թաքցրել: Նույն Փալլոնը Ադրբեջանի իշխանություններին անվանում է ոչ այլ կերպ, քան «բռնապետական ռեժիմ»: Իր հերթին, պաշտոնական Բաքուն ընդունված օրինագիծը մեկնաբանել է որպես «հայկական լոբբիի» ինտրիգների արդյունք: Մասնավորապես այդ մասին ասված է ԱՄՆ -ում Ադրբեջանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ -ի հետ համագործակցության խզումից երկրի պաշտպանական բյուջեի կրած վնասներն այնքան էլ մեծ չեն լինի: Պաշտպանության ոլորտում ԱՄՆ -ի կողմից այդ երկրին տրամադրվող տարեկան օգնությունը չի գերազանցում 100 մլն դոլարը: Ի դեպ, Ամերիկայի կողմից Հայաստանին տրամադրվող նմանատիպ օգնությունը շատ ավելի քիչ է եղել: Միարժամանակ, Ադրբեջանի պաշտպանական բյուջեն կազմում է մի քանի միլիարդ դոլար: Սակայն այստեղ ուշագրավ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հենց բուն փաստը: Եթե դա​​ իսկապես տեղի ունենա, ապա կնշանակի, որ ԱՄՆ -ի հատուկ հարաբերություններն այդ երկրի հետ ավարտվել են: Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնում Ադրբեջանին միանշանակորեն դիտարկել են որպես Իրանի հակակշիռ: Պատահական չէ, որ ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում էր: Օրինակ ղարաբաղում պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կողմից օգտագործված անօդաչու թռչող սարքերի մի մասը իսրայելական արտադրության էին: Դա ի դեպ հանգեցրել է Իսրայելից Հայաստանի դեսպանի հետկանչին: Դեմոկրատական վարչակազմի իշխանության գալը կարող է շատ բան փոխել պաշտոնական Բաքվի նկատմամբ Սպիտակ տան վերաբերմունքում: Միացյալ Նահանգների էթնիկ հայերն ավանդաբար քվեարկում են Դեմոկրատական ​​կուսակցության օգտին, և Ջո Բայդենի թիմը ստիպված կլինի հաշվի նստել դրա հետ:

Ընդունված օրինագծի շուրջ բանավեճի մեջ ևս մեկ նրբերանգ կա. այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի հետ Արևմուտքի հարաբերությունների հերթական սրացման ֆոնին: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է հույների և կիպրոսյան թուրքերի միասնական պետության ստեղծման վերաբերյալ երկխոսության ընդհատման մասին: Այսուհետ Անկարան անցել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներին: Այս ցուցադրական հայտարարությունը հաստատվել է ցուցադրական քայլով և հակառակ ՄԱԿ -ի ընդունած բանաձևի բացվել է Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասը: Նախկինում այնտեղ կիպրոսցի հույներ են ապրել, բայց այժմ այն ​​գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ: Այս որոշումը դատապարտել են Եվրոմիությունը, ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդը և ԱՄՆ -ը: Ոչ մի երկիր, այդ թվում Ադրբեջանը, չի հայտարարել Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու պատրաստակամության մասին: Թերևս, Բաքուն մտավախություն ունի, որ ճանաչելով Հյուսիսային Կիպրոսը, երկիրը կհրահրի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց: Այնուամենայնիվ եթե Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կտրուկ վատանան, ապա Ադրբեջանին այլ ելք չի մնա, քան Թուրքիայի հետ էլ ավելի սերտ համագործակցելը և ի վերջո նրա բոլոր պահանջները կատարելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular