ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ց է նեղացել Տիգրան Ավինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի խորհրդարանը երեկ առաջին նիստն էր գումարել ու թեժ վեճերով ԱԺ նախագահ էր ընտրում, իսկ Նիկոլ Փաշինյանի առաջարկություններով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փոխվարչապետ և մի քանի նախարարներ էր նշանակում, գործադիրից հեռացող Տիգրան Ավինյանը իր սրտի նեղվածությունը ցուցադրեց սոցիալական ցանցերում, պարզաբանեց, թե ինչու է հրաժարվել մաս կազմել ընտրական ցուցակին։ Ըստ էության, նա հաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խախտել է իրենց հեղափոխական պայքարի կարևորագույն սկզբունքներից մեկը՝ բիզնեսի և քաղաքականության տարանջատումը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ցուցակում ընդգրկեց և խորհրդարան տարավ առնվազն երկու գործիչների, որոնք լիովին տեղավորվում են օլիգարխ եզրույթի սահմաններում։ Դեռ նախընտրական շրջանում նշվում էր, թե Ավինյանը դեմ է Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի ընդգրկմանը։

«Մեր պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա: Այդ համատեքստում մեր պետության զարգացման այս փուլի առաջնահերթություն ենք դիտարկում ժողովրդավարության հաստատումն ու ամրապնդումը (ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ) և կոռուպցիայի բացառումը (անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ): Այս շարքում հիմնարար սկզբունք է նաև բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, և մենք որևէ ձևով չէինք շեղվում դրանից»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Չենք կարող վստահ ասել, թե միայն դա՞ էր պատճառը, թե այլ խնդիրներ ևս կային, սակայն Ավինյանի հաղորդագրությունը ավելի շուտ սեփական կուսակիցներից նեղացածության դրսևորում էր։ Իհարկե, վիրավորական է, երբ «հեղափոխությունից» հետո երկրի կարևորագույն պաշտոններից մեկը զբաղեցնող անձին զրկում են իր ազդեցության լծակներից, իսկ նրա թիմին ամբողջությամբ հեռացնում գործադիրից։ Ավինյանին փոխարինող Սուրեն Պապիկյանը, մեր տեղեկություններով, հայտնել է, թե ցանկություն չունի աշխատել Ավինյանի գրասենյակի որևէ աշխատակցի հետ, և հորդորել է ազատվելու դիմումներ գրել։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, բոլորովին մտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել Տիգրան Ավինյանի ծառայություններից, և թիմից հեռացնել կարևոր տեղեկությունների տիրապետող գործչի։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Ավինյանը կնշանակվի «Անիվ» ՈՒՎԿ-ի միակ բաժնետեր ու մասնակից՝ գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի գործադիր տնօրեն, իսկ առժամանակ «չեզոք» պաշտոն զբաղեցնելուց հետո Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի իշխող կուսակցության ցուցակը, այսինքն, կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն:

Հայկարամ Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular