ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձ է արվում մարդուն դնել անհարմար վիճակի մեջ՝ պատճառել ֆինանսական խնդիրներ, որոնք մարդուն կմղեն պատվաստման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունը COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների նախագիծ է մշակում։ Առաջարկում են, որ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն COVID-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, առավելագույնը 72 ժամ վաղեմության: Ի դեպ, հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին:

Այս թեմայով զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Անդրադառնալով նոր նախագծին կրթության փորձագետը` ասաց․ «Այստեղ գործ ունենք մի երևույթի հետ, որը մասնագետները կոչում են «դեմոկրատիայի պարադոքս:

Մի կողմից՝ դեմոկրատիան ասում է, որ մարդու իրավունքները կարևոր են, այս պարագայում մարդը կարող է մտածել, որ դա իր իրավունքն է՝ որոշել՝ ինքը պատվաստվո՞ւմ է, թե՞ ոչ, բայց մյուս կողմից՝ փորձ է արվում մարդուն դնել անհարմար վիճակի մեջ, պատճառել ֆինանսական խնդիրներ, որոնք իրեն կմղեն պատվաստման: Բնական է, որ ո՛չ ուսանողները, ո՛չ ուսուցիչները չեն կարողանա երկու շաբաթը մեկ թեստ հանձնել, եթե չեն ուզում պատվաստվել: Իհարկե, սա նոր բան չէ, մի շարք երկրներում էլ են այսպիսի սահմանափակումներ կիրառում, հիմա սա է աշխարհի հիմնական խնդիրը, քանի որ շատ երկրներում չեն կարողանում պատվաստման 50%-ի շեմը հաղթահարել, իսկ եթե պատվաստվողների թիվը մեծ չէ, պատվաստման օգուտն այդքան էական չի լինում, հասարակության մեջ վիրուսն էլի տարածվում է: Սա, կարծում եմ, դաժան պահանջ է, բայց ինչ-որ մի ճանապարհ պետք է գտնել, որ, այնուամենայնիվ, գոնե մարդկանց մեծամասնությունը՝ գուցե 70-80%-ը, պատվաստվեն, որ կորոնավիրուսի դեմ առաջանա որոշակի պաշտպանողական պատնեշ: Այստեղ արդեն հոգեբանական պահ է, մարդուն մղել այնպիսի քայլի, որ իրեն ձեռնտու չլինի չպաստվաստված մնալը: Սա է խնդիրը»։

Հարցին, թե այս սահմանափակումները արդյո՞ք չեն խանգարելու ուսումնական գործընթացին, օրինակ՝ պատվաստվել չցանկացող ուսանողները կարող է բոյկոտել և չներկայանալ դասերի Սերոբ Խաչատրյանը պատասխանել է․ «Այո՛, ցավոք, կարող են լինել նաև այդպիսի բաներ: Եթե, ենթադրենք, որ մի խումբ մարդիկ ո՛չ պատվաստվում են, ո՛չ թեստ են հանձնում, ի՞նչ ենք անում մենք իրենց: Հասկանալի է, որ երկու շաբաթը մեկ 15.000 դրամ վճարելը շատերի համար անիմաստ ծախս է, այդ դեպքում մարդիկ կարող են նաև ըմբոստանալ: Տեսնենք, ամեն դեպքում պետք է մարդկանց հետ ավելի շատ աշխատել, բացատրել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular