Moscow Classic Ensemble-ը Հայաստանում հանդես կգա «Ամառային համերգ»-ով
ՄՇԱԿՈՒՅԹՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում օգոստոսի 14-ին «Ամառային համերգ»-ով հանդես կգա Moscow Classic Ensemble-ը:
Խմբի ինքնատիպ մշակումները նրբորեն միաձուլում են տարբեր երաժշտական ժանրեր: Համերգի ընթացքում կհնչեն դասական կոմպոզիտորների հազվադեպ հնչող մանրանվագներ և ջազային մեղեդիներ: Միայն այս անսամբլի կատարմամբ կարելի է ունկնդրել Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» գործիքավորումը բուգի-վուգի ոճով:
Moscow Classic Ensemble-ի երաժիշտները միջազգային մրցույթների դափնեկիրներ են, որոնք մշտապես փնտրում են նոր մեղեդիներ և ժանրեր։ Օգոստոսի 14-ին Moscow Classic Ensemble-ի ամառային համերգի ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Իգոր Ստրավինսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Գրիգի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործությունների յուրօրինակ գործիքավորումները:
Խմբի երիտասարդ մենակատարները Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ակադեմիական միջավայրում հանդիսատեսին կներկայացնեն դասական էստրադայի հայտնի ստեղծագործություններ և օգոստոսյան երեկոյի ընթացքում ունկնդիրներին կպարգևեն ամառային տրամադրություն:
Անսամբլի կազմում հանդես են գալիս երաժիշտներ Անդրեյ Յուրգենսոնը (կլարնետ), Մաքսիմիլիան Կատենինը (ֆագոտ), Մարկ Ռևինը (գալարափող), Բեկդոոլոտ Միրզագուլովը (հոբոյ), Մարգարիտա Գալկինան (ֆլեյտա): Երիտասարդ մենակատարներ՝ Արին Քալաշյան, Մարիամ Քալաշյան, Ագին Վոլեն, Անդրեյ Վոլեն: Որպես հրավիրված մենակատար հանդես կգա Անդրեյ Շեյկոն (դաշնամուր):