ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարեվերջին կարող ենք ակնկալել գնաճի թուլացում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 3-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.5%: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.5%:

«2020 թվականի հունիսին արձանագրվել է 0.8 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել և կազմել է 6.5 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է արագանալ՝ հունիսի վերջին կազմելով 7.8 տոկոս: 2021 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ԿԲ կանխատեսումներին համահունչ՝ շարունակվում է ՏԱՑ և համախառն պահանջարկի արագ տեմպերով աճը, տնտեսական միտումներին անդրադառնալով՝ նիստի ընթացքում նշել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ հայաստանյան շուկայում գրանցվող գնաճի վրա դեռևս մեծ ազդեցություն ունեն արտաքին զարգացումները: Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման պայմաններում համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումներով պայմանավորված՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր: Նշված զարգացումների, ինչպես նաև մի շարք ժամանակավոր գործոնների պայմաններում՝ գործընկեր երկրներում դիտարկվում են սպասվածի համեմատ գնաճի ավելի բարձր մակարդակներ։ Այս իրավիճակում ԿԲ Խորհուրդն արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն»:

ԿԲ նախագահը նշեց, որ կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Անդրադառնալով ԿԲ նախագահի հայտարարությանը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ասել է․ «ԿԲ-ն հիմք է ընդունում նաև բոլոր այն միտումները, որոնք տնտեսության մեջ առկա են և այս առումով տարեվերջին կարող ենք ակնկալել գնաճի թուլացում: Եթե տեղի ունենան այն իրադարձությունները, ինչը, որպես տնտեսագետ, կարծում եմ՝ հնարավոր է, հատկապես՝ արտահանման տեմպերի որոշակի աճ, որը կբերի արտարժույթի ներհոսքի, ինչն ավելի ամրացնում է ազգային արժույթի՝ դրամի դիրքերը: Բայց սրանք այն տենդենցներն են, որոնք կարող են տեղի ունենալ առանց կառավարության միջամտության՝ կամայական, որովհետև հիմնականում մասնավոր հատվածի, ձեռներեցության զարգացման մասին է խոսքը, անհատ տնտեսությունների, գյուղացիական տնտեսությունների, զբոսաշրջության: Հնարավոր է՝ նաև պղնձի և մոլիբդենի գների որոշակի աճ համաշխարհային շուկայում, որը կարող է բերել դրական միտումների, արտարժույթի ներհոսքի և այլն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular