«Հրապարակ».Իշխանություններն ամեն գնով փորձում են կոտրել Իշխան Սաղաթելյանին
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻշխանություններն ամեն գնով փորձում են կոտրել Իշխան Սաղաթելյանին եւ կռիվ գցել ընդդիմության երկու թեւերի միջեւ։ Երեկ երկու անգամ անընդմեջ տապալվեց Սաղաթելյանի քվեարկությունը՝ ամեն անգամ մի քանի քվեաթերթիկ անվավեր էր քվեարկվում։ ՔՊ-ականները մեղքը բարդում էին ընդդիմության վրա, թե դավաճաններին ձեր մեջ փնտրեք։ Ապա սկսեցին գործարքներ առաջարկել՝ «դուք մի մասնակցեք քվեարկությանը, մենք անհրաժեշտ ձայներով կընտրենք ձեր թեկնածուին»։
Ընդդիմադիրների դեմքերից թեեւ զգացվում էր, որ նեղված են, բայց պնդեցին, որ չեն ընկրկելու ու թույլ չեն տալու իրենց դավադիր գործարքների մեջ ներքաշել եւ հստակ հայտարարեցին՝ քաղաքական սակարկության չենք գնա, ձեզնից քվե չենք մուրա, թեկնածուին չենք փոխի․ ուզում եք ընտրել՝ ընտրեք, չեք ուզում՝ ձեր մուրը ձեր գլուխը։ Իսկ իշխանության նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ ընդդիմությունն Իշխան Սաղաթելյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրի։ Իրենց այդ մտադրության մասին բերանից թռցրեց ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը՝ ասելով, թե ինքն այլ թեկնածու, օրինակ, Արամ Վարդեւանյանին կառաջադրեր այս պաշտոնում։ Բայց ընդդիմությունը հաստատակամ է․ մեզ ասացին, որ եթե տարիներով էլ ձգվի այս պրոցեսը, թեկնածուին չեն փոխի։