ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ՊՆ-ն «խրոխտ» հայտարարություններով զիջում է ինքնիշխանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ երկու հայտարարություն է արել, որոնք տարակուսանքի տեղիք են տալիս։ Մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հատվածում ռուս սահմանապահներ են տեղակայվել, ՊՆ-ն նշել է, թե սահմանապահները տեղակայվել են հայ-ռուսական համագործակցության շրջանակում։

«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում:

Տարօրինակն այն է, որ ՌԴ-ից չեն հաստատում սահմանապահների տեղակայման փաստը, փորձում ջրել այդ տեղեկությունը։ Ռուսական լրատվամիջոցները պնդում են, թե Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Մոսկվան իրավասու չէ առանց Բաքվի համաձայնության հայ – ադրբեջանական սահմանին սահմանապահներ տեղակայել» բովանդակությամբ հրապարակում է արել: Մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը երեկ ճեպազրույցում միանշանակ պատասխան չի տվել հայ լրագրողի հարցին։ Նախ ասել է, թե սահմանի երկայնքով շարժական սահմանային անցակետերի տեղակայման հարցը վերաբերում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության իրավասությանը, հետո էլ հավելել. 

«Սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայման իրականացման խնդիրներից մեկը միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է: Կարծում ենք, որ սահմանի կայուն դեէսկալացիան կարող է ապահովել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման աշխատանքների անհետաձգելի գործարկումը՝ դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանը կողմ է այդ գործընթացի շուտափույթ մեկնարկին»:

Փաստացի, մինչ Ազգային ժողովում կրկես է բեմադրվում՝ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը խափանելու և անհեթեթ քննարկումներով մեղքը ընդդիմության վրա բարդելու տեսքով, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանձնում է ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանին։ Եվ այդ հանձնումը տեղի է ունենում ՊՆ «խրոխտ» հայտարարությունների տեսքով։ Ավելի ուշ իշխանամետ ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, թե պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի օգոստոսի 5-ին կայացած նիստում հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին: Ընդ որում, նա նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն արձանագրում է՝ պաշտպանության նախարարի այս անզուսպ PR-ն ընկալելի կլիներ, եթե ՀՀ տարածքի մի մասն օկուպացված չլիներ կամ էլ՝ առաջնագիծը հավուր պատշաճի կահավորված լիներ։ Մնացած պարագայում՝ գործ ունենք էժանագին պոպուլիզմի հետ, ընդ որում՝ մի ոլորտում, որտեղ պոպուլիզմի ցանկացած դրսևորում դատապարտելի է։ 

Տիգրան Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular