ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳՆ-ն դեռ գլխատված վիճակում է․ ի՞նչ է պահանջել Արարատ Միրզոյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի նորաստեղծ կառավարությունը երեկ իր առաջին նիստն էր գումարել։ Վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո Փաշինյանի առաջարկով նշանակվեցին երկու փոխվարչապետերն ու 11 նախարարներ, սակայն առայժմ թափուր է մնում Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 

Այսօր երեկոյան ավարտվում է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, երբ պետք է տեղի ունենա կառավարության վերջնական ձևավորումը, իսկ ամենակարևոր նախարարի պաշտոնում դեռևս որևէ մեկը չի նշանակվել։ 
ԱԳՆ-ում իրեն տեր ու տիրակալ է զգում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հասցրել է իր մտերիմներին մի քանի պաշտոնների նշանակել։

«Քաղաքացիական պայմանագրի» մեր աղբյուրը, սակայն, պնդում է, թե Գրիգորյանին այդպես էլ բախտ չի վիճակվի զբաղեցնել նախարարի պաշտոնը, նա ձախողել է իր վրա դրված ամենակարևոր առաքելությունը։ Մասնավորապես, իշխանությունը որոշել էր ԱԳՆ չորս փոխնախարարների պաշտոններից երկուսում նշանակել կադրային դիվանագետների, ևս երկուսին էլ՝ «Քաղաքացիական պայմանագրից»։ Գրիգորյանին այդպես էլ չի հաջողվել համոզել որևէ մեկին՝ դառնալ փոխնախարար։ Բացի այն, որ ԱԳՆ-ում դժգոհ են արցախյան հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, կադրային դիվանագետները չեն ուզում փոխնախարար աշխատել մեկի հետ, ով չունի համապատասխան քաղաքական կշիռ և ազդեցություն, մասնագիտական պատրաստվածություն և ենթակաների հետ շփվելու տարրական կուլտուրա։ Ուստի հնարավոր բոլոր թեկնածուները մի պատրվակ են գտնում՝ Արմեն Գրիգորյանին մերժելու համար։ Իսկ սպասվելիք բարդագույն բանակցություններից առաջ ԱԳՆ ղեկավար կազմը միայն ՔՊ ապիկար դեմքերով հավաքագրելը լուրջ բարդություններ կարող է առաջացնել։ 

Ամենայն հավանականությամբ, նախարար կնշանակվի Արարատ Միրզոյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ընդամենը մեկ պահանջ է դրել Նիկոլ Փաշինյանի առջև՝  շարունակել ապրել Կոնդի կառավարական ամառանոցներում։ 
Ըստ կարգի, կառավարական առանձնատներում  վարչապետից բացի, կարող են բնակվել նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով: Մինչ վերջերս ամառանոցներում բնակվում էին միայն Փաշինյանի և Միրզոյանի ընտանիքները։ Այժմ ամառանոց է տեղափոխվելու նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքը, իսկ Արարատ Միրզոյանը չի ցանկանում լքել ամառանոցը և տեղափոխվել այլ բնակարան։ Հատկապես, նոյեմբերի 9-ի դաժան ծեծից հետո նա վախեր ունի, ուզում է ավելի պաշտպանված զգալ իրեն։ Եվ վարչապետից ԱԳՆ պաշտոնի դիմաց պահանջել է միայն ամառանոցում ապրելու և թիկնազոր ունենալու իրավունք։ 

Թեև նախկինում եղել է նախադեպ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ բնակվի ամառանոցում, բայց Միրզոյանին նման հնարավորություն կտրվի, եթե նա համաձայնվի զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը։

Թաթուլ Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular