Ճգնաժամի ընթացքում բանկերում գրեթե 3%-ով ավանդներն ավելացել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի բանկային համակարգընույնիսկ ճգնաժամի ժամանակ ներգրավել է 2,8 տոկոսով կամ 98,3 մլրդ դրամովավելի շատ ավանդներ։ Միգուցե անհասկանալի թվա այս աճը, սակայնայն օրինաչափ է, քանի որ ճգնաժամի պայմաններում մարդիկ և բիզնեսը նախընտրում են հետաձգել իրենց գնումները, ներդրումները՝ պայմանավորված տնտեսական, քաղաքական ռիսկերով, ինչպես նաև սպասելով, որ հնարավոր է, օրինակ՝ ապրանքների գները կնվազեն։ Հետևաբար, փող ունեցողներից շատերն իրենց գումարը որպես կարճաժամկետ ավանդներ ենդնում բանկերում՝ հետաձգելով գործարքները և նվազեցնելով գումարները կորցնելու ռիսկը։
2020 թվականի տարեվերջի դրությամբ ամենաշատ ավանդներ ներգրաված բանկերի եռյակն է՝ Հայբիզնեսբանկը (603,6 մլրդ դրամ), Ամերիաբանկը (598,9 մլրդ դրամ) և Արդշինբանկը (339,7 մլրդ դրամ)։ Ավանդների ներգրավման ծավալներով Հայբիզնեսբանկն անցած տարիշրջանցել է Ամերիաբանկին։
Սովորաբար մարդիկ, կազմակերպությունները իրենց գումարները ներդնում են այն բանկում, որը տրամադրում է բարձր ավանդային տոկոսադրույքներ և/կամ աչքի է ընկնում բարձր հուսալիությամբ, կայունությամբ։
2020 թվականի ընթացքում ավանդների ծավալն ամենաշատն ավելացրել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը։ Այս դրամատունը նախորդ տարվա համեմատ ներգրավել է 16,6 տոկոսով կամ 42,2 մլրդ դրամով ավելի շատ ավանդներ՝ այն դեպքում, երբ բանկի ավանդի տոկոսները ֆինանսական շուկայում ամենաբարձրը չեն։ Երկրորդ տեղում Հայբիզնեսբանկն է, որը 2020 թվականի ընթացքում 31,4 մլրդով ավելացրել է իր ավանդային պայմանագրերը, ինչը բացատրվում է հանգամանքով, որ այս բանկը հիմնականում ներգրավում է բարձր տոկոսադրույքներով ավանդներ։ Ավանդների ներգրավման գործում ակտիվ են եղել Ինեկոբանկը, Էվոկաբանկը, ՎՏԲ-ն և այլն։
Պաշտոնապես հրապարակված տվյալներից կարելի է ենթադրել, որ որոշ բանկեր(Արդշինբանկը, Յունիբանկը, Բիբլոս Բանկ Արմենիան) վերանայել են իրենց ավանդների ներգրավման քաղաքականությունը՝ նվազեցնելով ավանդների ծավալը և զուգահեռ ավելացնելով սեփական կապիտալը։ Այսինքն՝ նախընտրել են ավելի շատ ներգրավել ներդրումներ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունվեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որոնց՝ բարձրացվեց երաշխավորված ավանդների չափերը, մասնավորապես՝ դրամային բանկային ավանդների երաշխավորման նոր շեմ սահմանվեց 16 մլն դրամը, արտարժութային բանկային ավանդների դեպքում՝ 7 մլն և այլն։ Այս օրենքը ավելի բարձր երաշխիքներ տրամադրեց մարդկանց՝ խրախուսելով նոր ավանդների ներգրավումը։