ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճը պետք է կարգավորի պետությունը, ինչը որ չի անում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների՝ 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ: Ոչ պարենային ապրանքների գները նույն ժամանակահատվածում աճել են 9.6%-ով: Այդուհանդերձ, էկոնոմիկայի նախարարն այսօր վստահություն է հայտնել, որ շուտով մենք ականատեսը կլինենք գների էական անկման։

«Ես կարծում եմ, որ հիմա արդեն օգոստոս ամսից սկսվում է հիմնական ապրանքատեսակների, նոր բերքերի մասին տեղեկատվության հայտնումը, և վստահ եմ, շատ վստահ եմ, որ գների էական անկում շատ շուտով մենք կտեսնենք: Դուք նաև տեսնում եք, որ ԿԲ-ն անընդհատ լրացնում է այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է, որպեսզի գները կարգավորվեն»,- նշել է նախարարը Կառավարության նիստից հետո:

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։ Հարցին, թե պետությունն ի՞նչ գործիքակազմ պետք է գործադրի, որ զսպի գնաճային միտումները, և թե որքանո՞վ են արդյունավետ ԿԲ միջամտություններն այս առումով՝ տնտեսագետը պատասխանեց.

«Կենտրոնական բանկն արդեն «ձեռը կրակն է ընկել». իր ունեցած գործիքաշարով, ԿԲ-ն մեծագույն դժվարությամբ զսպում է փոփոխությունները, ֆինանսական շուկայում առկա անկայունությունները, բայց դա առաջին հերթին կառավարության գործն է»:

Վարդան Բոստանջյանի կարծիքով, գների կայունության ապահովման խնդիրը միայն ԿԲ-ի վրա թողնելն արդարացի չէ.

«Անկախ այն հանգամանքից, որ Սահմանադրությունը սահմանում է, որ ԿԲ-ն ֆինանսական կայունության և գների կայունության մասին պետք է հոգ տանի, բայց բոլոր պարագաներում դա տնտեսական գործոն է, որն ուղղակիորեն և մեծապես կախված է կառավարությունից: Իսկ թե ինչ պետք է անի պետությունը՝ գնաճը զսպելու համար. օրինակ, բոլոր այն ապրանքատեսակների՝ և առաջին հերթին՝ պարենային բլոկի, որոնք պետք են առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման համար, արտադրությունը պետք է կազմակերպի, ինչը հնարավոր է: Դա պետք է անի պետությունը, ինչը որ չի անում»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular