ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք խիստ բացասաբար ենք վերաբերվում այս սահմանափակումների կիրառմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով ԱԺ-ում սահմանափակումներին, նշել է, որ կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են թաքնված լինել լրագրողի կերպարի տակ, և բերել է Նաիրի Հունանյանի օրինակը: Այս թեմայով զրուցել ենք «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանի հետ։

Հարցին, թե Լրագրողների նկատմամբ այս սահմանափակումները կարո՞ղ ենք որպես ճնշում դիտարկել Աշոտ Մելիքյանը պատասխանել է․ «Իրավիճակին մենք անդրադարձել ենք երկու հայտարարությամբ, որը 10 լրագրողական կազմակերպությունների դիրքորոշումն է: Մենք խիստ բացասաբար ենք վերաբերվում այս սահմանափակումների կիրառմանը՝ պատշաճ կերպով չքննարկելով հարցը, պատշաճ իրավական հիմնավորումներ չունենալով: Հենց այդ պատճառներով մենք համարում ենք, որ անթույլատրելի մեթոդով անհիմն սահմանափակումներ են կիրառվում: Եթե իշխանությունները, մասնավորապես, իրավապահ մարմինները ինչ-որ սպառնալիքներ են տեսնում, ապա դա շատ հանգիստ կարելի էր ներկայացնել հանրությանը: Գուցե չեն ուզում շատ պարզ խոսել դրա մասին, համենայնդեպս, Կարեն Անդրեասյանի մեկնաբանության մեջ այդպիսի ենթատեքստ նկատվում է, բայց վերհիշել և զուգահեռներ անցկացնել ահաբեկչի հետ, և մտավախություն հայտնել, որ լրագրողների մեջ կարող են լինել այդպիսիք, ես կարծում եմ, դա անտեղի և անհիմն ընդհանրացումներ են: Իզուր չէ, որ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների մեջ մեծ զայրույթ է առաջացել այդպիսի համեմատությունների և զուգահեռների պատճառով: Կարծում եմ, որ այս խնդիրը, այնուամենայնիվ, այլ լուծումներ ունի: Մեր վերջին հայտարարության մեջ մենք առաջարկ արեցինք, որ մեկ փաստաթղթում ամփոփվեն բոլոր խնդիրները լրագրողներ-Ազգային ժողով հարաբերություններում, և նաև քննարկումներ անցկացվեն, այդ թվում նաև՝ անկախ փորձագետների, լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ՝ այդ խնդիրներին օրինական և ողջամիտ լուծումներ գտնելու համար»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular