ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մեղմե՞լ է ՀԱՊԿ-ի հասցեին արած կոշտ քննադատությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու օր Հայաստանում էր գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը, որը հանդիպումներ է ունեցել Պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախօրեին Պն-ում նախարար Արշակ Կարապետյանը բավական կոշտ արտահայտություններով էր ընդունել Ստանիսլավ Զասին, ծաղրական տոնով նշել, թե ՀՀ ՊՆ-ում դեռ մայիսին էին սպասում նրա այցին, որը այդպես էլ տեղի չունեցավ։ Կարապետյանն ափսոսանք էր հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին: Պաշտպանության նախարարի այս կոշտ հայտարարությանը հաջորդեց նրա հանկարծահաս մեկնումը Մոսկվա և հանդիպումը ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Որքան էլ Ստանիսլավ Զասը Բելառուսի ներկայացուցիչ է, ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են Ռուսաստանի ղեկավարությամբ, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ դեմարշը դեմարշ է հենց ՌԴ դեմ։

Երեկ արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ պաշտոնական հաղորդագրության տոնայնությունն անհամեմատ մեղմ է, թեև կան քննադատության նշույլներ, բայց ՀՀ կառավարության ղեկավարը զերծ է մնացել կոշտ արտահայտություններից։

«Դուք գիտեք, որ, ցավոք, արդեն 2-3 ամիս է Հայաստանի սահմաններում ճգնաժամային իրավիճակ է, որը կոնկրետ սպառնալիք է պարունակում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս անօրինականորեն գտնվում են մեր տարածքում: Իհարկե, այդ իրավիճակին ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ շատ քննարկումներ կան: Պետք է ասեմ, որ փաստացիորեն առաջին անգամ ՀԱՊԿ-ում մենք բախվում ենք կոնկրետ նման իրավիճակի հետ և պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը, որպեսզի հետագայում բարձրացնենք ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը: Կարծում եմ, որ այս առումով Ձեր այցը նույնպես շատ կարևոր է: Այդ համատեքստում նույնպես շատ լրջորեն ենք վերաբերում մեր նախագահությանը և պատրաստվում ենք դրան: Այս իրավիճակում մեզ համար կարևոր է գտնել գոյություն ունեցող հարցերի քաղաքական լուծումը, դրա համար բոլոր հնարավորությունները կան: Անհրաժեշտ է՝ ինչպես հարկն է կիրառել այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ-ում»,- ասել է Փաշինյանը:

Շահեն Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular