ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Հայաստանի առջև սպառնալիք ծագի կամ պետք լինի առաջ մղել ՀՀ պետական և ազգային շահը, մենք գործելու ենք միասնական․ Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը խորհրդարանում հայտարարեց, որ քաղաքական մեծամասնության  ներկայացուցիչները, որոնք խոսում են ընդդիմության հետ համագործակցության մասին, պետք է իմանան, որ միասնական գործունեությունը հնարավոր է միայն այն պարագայում, եթե Հայաստանի առջև սպառնալիք ծագի կամ պետք լինի առաջ մղել ՀՀ պետական և ազգային շահը։

«Որևէ մեկը կասկած ունի՞, որ եթե Հայաստանի առջև ինչ-որ սպառնալիք լինի կամ պետք լինի մեր միասնական դիրքորոշումը՝ ՀՀ պետական կամ ազգային շահը առաջ մղելու համար, մենք միասնական չենք գործի։ Ո՛չ։ Հավատացեք, որ գործելու ենք միասնական, ցույց ենք տալու մեր բոլորի միասնականությունը», - ասաց նա։

Արթուր Վանեցյանը, դիմելով ՔՊ խմբակցությանը, ասաց, որ միևնույն ժամանակ նրանք չպետք է ակնկալեն, որ ընդդիմությունը լռելու է Արցախի 75 տոկոսի կորստի, երկրի անվտանգային խնդիրների մասին։

«Տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են իրենց ելույթներով, տեղից արված՝ երբեմն ոչ նորմալ ռեպլիկներով ստեղծել մի իրավիճակ, որ ընդդիմությունը սկսի չխոսել ավերիչ պատերազմի հետևանքների մասին, որ ընդդիմությունը չխոսի, թե ի վերջո, ինչու եղավ այս պատերազմը, ինչո՞ւ զոհվեցին մեր հայրենակիցները, ինչո՞ւ մենք կորցրինք մեր հայրենիքի արցախյան հատվածի 75 տոկոսը, ինչո՞ւ է մինչև այսօր Ադրբեջանի ԶՈՒ, պաշտոնական տվյալներով, մոտ 3,5 կմ ներխուժել ՀՀ սուվերեն տարածք ու դուրս չի շպրտվել մեր տարածքից։ Դրա գնահատականը պետք է տրվի, այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն, և այդ հարցերը միշտ բարձրացնելու ենք՝ հաճելի լինի դա ձեզ, թե ոչ», - ասաց Արթուր Վանեցյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավարը դիմեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասելով, որ եթե վերջինս իրոք ամեն ինչ ցանկանում է սկսել «զրոյական կետից», ինչպես ինքն է առաջարկում, ապա մինչ այդ առաջարկը պետք է վերանայեր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ կիրառված կարգապահական տույժի հարցը։

«Կարծում եմ՝ Ձեր առաջարկն ավելի տրամաբանական կլիներ, եթե մինչ այդ Դուք հայտարարեիք, որ չեղարկելու եք կամ չեղարկել եք հայտարարած կարգապահական տույժը։ Չնայած այն հանգամանքին, որ ես գիտեմ՝ կանոնակարգով ԱԺ նախագահը նման լիազորություն չունի, բայց գոնե քաղաքական մակարդակով մի հայտարարություն անեիք», - ասաց Արթուր Վանեցյանը։

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշեց․ «Չեղարկել, ցավոք սրտի, կարող է միայն ԱԺ խորհրդի նիստը, իսկ մենք ձևավորված խորհուրդ չունենք։ Իմ հայտարարությունը կարող եք ընկալել որպես նման մի քայլ»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular