ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Ալեն Սիմոնյանի վարքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարությունն առաջնորդվում է «ցանկացած անհասկանալի իրավիճակում խախտիր լրագրողների իրավունքները» սկզբունքով։ Խորհրդարանում երեկ տեղի ունեցած հրմշտոցի և գոռգոռոցների ժամանակ Ալեն Սիմոնյանը նախ արագ անջատել տվեց ուղիղ եթերը, ապա և անվտանգության աշխատակիցներին հրահանգեց խոչընդոտել լրագրողների աշխատանքը, որպեսզի հանրությանը զրկի ԱԺ-ում կատարվող իրադարձությունների մասին տեղեկանալու իրավունքից։ ԱԱԾ անվտանգության աշխատակիցները խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին և օպերատորներին արգելել են իրենց հատկացված օթյակից նկարահանել միջադեպը։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ երեկ հայտարարություն են տարածել, որում նշել են, թե Ազգային ժողովի խոսնակն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքը չի նախատեսում այդպիսի գործառույթ։
 
Փաստելով, որ Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն և պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում խորհրդարանում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր, անկախ նրանից՝ դա դրական, թե բացասական գնահատականների կարժանանա, հայտարարության հեղինակները պահանջում են բացատրություններ տալ ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ, երաշխավորել, որ նմանատիպ դեպքեր ապագայում չեն կրկնվի։ Բնավ չենք կիսում լրագրողական կազմակերպությունների լավատեսությունը։ «Քաղաքացիական պայմանագիրը» նոր գումարման ԱԺ-ում իր աշխատանքը սկսել է ԶԼՄ-ների աշխատանքը խափանելով, և այդ արատավոր վարքը շարունակելու է ամբողջ ընթացքում։ Ալեն Սիմոնյանն ու իր աշխատակազմն էլ չեն խորշում օրենքը խախտելուց։ Առաջնահերթ խնդիրը հանրության տեղեկացված լինելու իրավունքից զրկելն է, նաև բացառելը, որ լրագրողները կարողանան տհաճ հարցեր տալ իշխանական պատգամավորներին և այսպիսի պահվածքը մեկ-երկու դեպքով չէ, այն ուղեկցելու է այս խորհրդարանին ողջ ընթացքում։ Ուստի լրագրողական կազմակերպությունները պետք է պատրաստվեն պարբերաբար նոր հայտարարություններ տարածելուն։
 
Կարեն Մեհրաբյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular