ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մաքրել» դատական համակարգը․ նոր նախարարը չի էլ թաքցնում մտադրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չի էլ թաքցնում՝ գործող իշխանության գլխավոր նպատակներից մեկը դատական համակարգը զտելն է, յուրայիններով լցնելն ու անկախ դատավորներին պատժելն է։ Նախկին նախարար Ռուստամ Բադասյանին չհաջողվեց լիակատար վերահսկողություն սահմանել դատական համակարգի վրա։ Նրան գործուղեցին պետեկամուտների կոմիտե, իսկ դատական իշխանությանը նեղելու գործը դրվել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Անդրեասյանի ուսերին։ Երեկ նա ճեպազրույց է տվել կառավարության նիստից հետո, և հայտարարել, թե դատական համակարգը մաքրելու միակ գործող մեխանիզմը կարգապահական միջոցներն են:

«Դա օրինական է, դա արդար է, դա ճիշտ է: Եվ ես կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են և կարգապահական վարույթներով ստացված արդար պատասխանատվության միջոցներն առանձին ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ նույնիսկ քիչ են եղել: Բայց արդարադատության նախորդ նախարարի՝ պարոն Բադասյանի աշխատանքի շնորհիվ, դատական համակարգի աստիճանական զտումը սկսվել է»,- ասել է Անդրեասյանը:

Նա նշել է, թե հանդիպելու է հասարակական կազմակերպությունների ամենաազդեցիկ ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են հենց դատաիրավական բարեփոխումների ոլորտով, հանդիպել է ԲԴԽ-ի, իրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների հետ:

«Եվ մենք հիմա քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենաարդար և լավ մոդելը»,- ասել է նախարարը։

Անդրեասյանն ուշագրավ տեղեկատվություն է հրապարակել՝ Մարտի 1-ի գործերով այն դատավորները, որոնք դատեր են արել հենց այդ գործով, 24 դատավորից, Վճռաբեկից մինչև առաջին ատյան, մնացել են համակարգում ընդամենը 12-ը․ «Այսինքն, տեղի է ունեցել տարօրինակ զտում, տարօրինակ ազատում այն դատավորների, որոնք կասկածելի վճիռներ են կայացրել այդ գործով։ Ասում եմ կասկածելի, որովհետև ՄԻԵԴ-ն է որոշում է կայացրել, որ այդ վճիռներն անարդար էին»։

Դատարաններին քննադատող և զտումների պատրաստ նախարարը, տարօրինակ կլիներ, եթե չգովեր իշխանության հրահանգները կատարող իրավապահ մարմիններին։ Նա երեկ հայտարարել է, թե վերջին շրջանում դատախազությունը գործում է գրագետ։

«Չենք ստանում տեղեկություններ կոռումպացվածության, վատ բարքերի և երևույթների մասին, ինչը հուսադրող է, որ ընդհանուր համակարգերը սկսում են մաքրվել»,- ասել է նախարարը՝ փաստացի դատախազության առջև կանաչ լույս վառելով և երաշխիքներ տալով։

Վահե Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular