ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակությունն իրավունք ունի լիակատար պատկերացում ստանալ և իշխանական խմբակցության և ընդդիմադիր խմբակցությունների ու նրանց անդամների գործունեության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո անջատեցին ուղիղ եթերն ու լրագրողների մուտքը օթյակ: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասել է, թե ԱԺ-ում ծեծկռտուքի լուսաբանումը մեդիայի գործառույթը չէ:

Այս թեմայով զրուցել ենք Երևանի Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ գնալով մեդիայի աշխատանքը խորհրդարանում դառնում է գրեթե անհնար` Բորիս Նավասարդյանը պատասխանել է․ «Այս պահին, այո, ստացվում է, որ լրագրողների համարժեք աշխատանք Ազգային ժողովում հնարավոր չէ: Այն, թե ինչ կարող են լուսաբանել լրագրողները և ինչ չեն կարող լուսաբանել, շատ վիճելի հարց է, որովհետև մենք բոլորս հետևելով 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքին, հասկանում ենք, որ լուրջ խնդիրներ կան այդ կառույցի, այդ մարմնի հետ: Կարևոր է, որ հասարակությունն ամբողջական պատկերացում ունենա խնդիրների մասին, որոնք կան ԱԺ հետ կապված: Առանց հասարակության կարծիքի ձևավորման, առանց հասարակական լայն շերտերի գնահատման մենք դժվար թե կարողանանք հույս ունենալ, որ կբարելավվի և ավելի արդյունավետ կդառնա խորհրդարանի աշխատանքը: Եթե թողնենք պատգամավորներին, որպեսզի իրենք շարունակեն առանց լուսաբանման այն, ինչ անում են այս օրերին, դժվար թե նրանք անհրաժեշտ դասեր քաղեն այս ամենից: Ես կարծում եմ, որ հասարակությունն իրավունք ունի լիակատար պատկերացում ստանալ և իշխանական խմբակցության, և ընդդիմադիր խմբակցությունների ու նրանց անդամների գործունեության մասին: Դա կարող է լինել միայն լրագրողների ակտիվ և ամբողջական լուսաբանման միջոցով»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular