«Հա, քնել եմ Ռոմանի հետ, որ խայտառակ չլինեմ,2000 դոլլար էլ փող եմ տվել»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2012 թ. մայիսին Ռոմանը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով մտերմացել է նախկինում իր հետ նույն դպրոցում սովորած կնոջ հետ և տեղեկանալով, որ վերջինս ամուսնացած է, ապրում է ֆինանսապես ապահովված ընտանիքում՝ նպատակադրվել է այդ ծանոթությունից հնարավորինս մեծ օգուտներ քաղել:
Սկզբի համար Ռոմանը սոցիալական կայքի և հեռախոսազանգերի միջոցով կնոջը վստահեցրել է, թե սիրում է նրան, ապա որոշ ժամանակ անց նրանից 200 ԱՄՆ դոլար պարտքով գումար խնդրել:
Շուրջ մեկ շաբաթ անց, նույն պատրվակով Ռոմանը նախկին դասընկերուհուց ևս 800 ԱՄՆ դոլար է վերցրել: Չբավարարվելով ստացած գումարներով՝ Գրիգորյանը շարունակել է պարբերաբար տեղի ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում սիրո խոստումներ տալ և մեկ շաբաթ անց դարձյալ պարտքով 1.500 ԱՄՆ դոլար գումար է խնդրել:
Կինն այս անգամ մերժել է և պահանջել վերադարձնել նախկինում պարտք վերցրած 1000 դոլարը:
Հասկանալով, որ սիրո խոստումներն այլևս ցանկալի արդյունք չեն տալիս՝ Ռոմանը փոխել է մարտավարությունը և դրամաշորթությունը զուգորդել սպառնալիքով, թե հակառակ դեպքում իրենց ինտիմ կապերի մասին կպատմի վերջինիս ամուսնուն և նրա հարազատներին:
Կինը ստիպված հերթական անգամ տվել է պահանջվող գումարը: Բայց շուրջ մեկ շաբաթ անց տղամարդը նոր պահանջ է ներկայացրել՝ պահանջելով 500 ԱՄՆ դոլար: Իսկ երբ կինը հայտնել է, թե այլևս գումար չունի և խնդրել է վերադարձնել նախկինում տված գումարները, Ռոմանը, պարտքը վերադարձնելու պատրվակով նրան խաբեությամբ հրավիրել է հյուրանոցային համալիր, որտեղ նրա հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո դարձյալ սպառնացել է այդ մասին պատմել նրա ընտանիքի անդամներին ու ևս 500 ԱՄՆ դոլար շորթել նրանից:
Այսպես, շորթումն ու սպառնալիքները շարունակվել են մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը, երբ կինը հայտարարել է, թե այլևս գումար չունի: Բայց դարձյալ զոհ գնալով իր ծանոթի սպառնալիքներին՝ նրան է հանձնել իրենց տանը պահվող ամբողջ ոսկեղենը՝ 12.000.000 դրամ ընդհանուր արժեքով:
Բայց սա դեռ ամբողջը չէ:
Բացի շորթումից, Ռոմանը նաև Հրազդանի կիրճից քաղել ու իր տանը ապօրինի պահել է զգալի չափի՝ 0.53 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այն հայտնաբերվել է 2012 թ. նոյեմբերի 28-ին վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ:
Ինքը՝ Ռոմանն, ընդունել է թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար իրեն առաջարված մեղադրանքը, իսկ գումարներ շորթելու մեղարանքը՝ ոչ:
Այդուհանդերձ, դատարանը, այս մեղադրանքներն ապացուցված համարելով, Ռոմանին դատապարտել է ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով և վճռել բռնագանձել 16.490.000 դրամ՝ որպես հանցագործության հետևանքով տուժողին պատճառված գույքային վնասի հատուցում: