Կազմակերպել քննարկում սահմանային իրավիճակի մասին, իրարամերժ տեղեկություններ են գալիս․ «Հայաստան» դաշինքի առաջարկը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵլնելով սահմանային լարվածությունից՝ «Հայաստան» դաշինքը առաջարկում է երկու ընթերցումների արանքում կազմակերպել փակ, գաղտնի կամ բաց քննարկում, ինչպես որոշեք՝ համապատասխան պատասխանատու անձանց կողմից։ Այս մասին Ազգային ժողովում արտահերթ նիստին, որի օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նկատեց, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակից։ «Քննարկում կազմակերպենք, իմամանանք իրավիճակը և հասարակության մտահոգությունները փարատենք»,–ասաց նա։
Նույն դաշինքից Անդրանիկ Թևանյանը իր հերթին անդրադարձավ Ալիևի ագրեսիվ վարքագծին։ «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը վարման կարգով ուշադրությունը հրավիրեց Աֆղանստանի դեպքերին և կարևորեց Հայաստանի արձագանքը։ Նա հետաքրքրվեց Աֆղանստանում տեղակայված հայ խաղաղապահ զորախմբի ճակատագրից և հարցրեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել, որ պաշտոնական պարզաբանում լինի նրանց վերաբերյալ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Անդրանիկ Քոչարյանն էլ տեղեկացրեց, որ հայ խաղաղապահները Աֆղանստանից դուրս են եկել մարտ ամսվա սկզբին, ինչի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն եղել է։ Գեղամ Մանուկյանն էլ նկատեց, որ առաքելությունը դադարեցնելու մասին հայտարարւթյուն չի եղել, պարզապես վերադարձի մասին է եղել։