ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլական թալիբան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվ այսպես, «Թալիբան» շարժումը վերանվաճեց Աֆղանստանը։ Համաշխարհային լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը ողողված են Քաբուլում կատարվող իրադարձությունների տեսագրություններով և լուսանկարներով, թե ինչպես են թալիբները ներխուժում պետական հաստատություններ, նախագահական նստավայր։ Հատկապես արտառոց էր նախագահի նստավայրում կատարվողը, փնթի և զինված մի ամբոխ բազմել էր շքեղ նստավայրի բազկաթոռներին, «վայելում» էր իր հաղթանակը։ Այդ կադրերը դիտելիս՝ զգացողություն էր, թե նման մի պատկեր արդեն տեսել ենք։ Խմբագրությունում երկար ու բուռն զրույցից հետո հիշեցինք, թե որտեղ և երբ ենք տեսել՝ 2018թ․ մայիսի 8-ին, ՀՀ նախագահական նստավայրում։ Երբ մի խումբ «հեղափոխականներ»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մտել էին Բաղրամյան 26, ու գեղջկական չտեսությամբ քրքրում էին բոլոր քունջուպուճախները, ուղիղ եթերում՝ զարմանքից բերանները բաց ցուցադրում էին նախագահական նստավայրի բոլոր սենյակներն ու զուգարանները։

Ինչպես և Աֆղանստանում, Հայաստանում էլ այդ պահի իշխանությունը չկարողացավ ամրապնդվել, տասնամյակներ շարունակ ռեսուրսները վատնեց անձնական բարեկեցության համար, արդյունքում՝ իշխանության եկավ ապիկար ու պոպուլիստ մի խումբ, որը ավեր ու մահ բերեց երկրին։ Ինչպես և Աֆղանստանում, Հայաստանում էլ իշխանության նորեկները չունեին հստակ պատկերացում երկիրը կառավարելու։Կասեք՝ Աֆղանստանում օրենք չկա, շարիաթի կանոններով են գործում, կհակադարձենք՝ Հայաստանում էլ օրենքները վերաձևում են իրենց խմբային և անձնական շահերից ելնելով։ Հայհոյանքի համար քրեական պատասխանատվության մասին օրենքը ձեզ օրինակ։

Ինչպես և Աֆղանստանում, Հայաստանում էլ իշխանության կողմնակիցները անհանդուրժող են, հետադեմ, աղքատ, ուղղակի զենք չկա դեռ նրանց ձեռքին․․․ դեռ։ Աֆղան և հայ թալիբների միջև տարբերություններ էլ կան։ Քսան տարի առաջ կրած պարտությունից հետո Թալիբանը չընկրկեց, ամրացավ, մի քանի օրում զենքով գրավեց երկիրը, այսօր էլ հավասարը հավասարին է բանակցում իր թշնամիների հետ։ Աֆղանական Թալիբանը կարողացավ ճիշտ խուսանավել գերտերությունների միջև, ռեսուրսներ կուտակեց, զենք գնեց կամ խլեց, Հայաստանի իշխանությունը՝ ոչ։ Այդուհանդերձ, վստահ ենք, թե՛ Աֆղանստանում իշխանության եկածները, թե՛ Հայաստանում պարտությունից հետո իշխանության ղեկին մնացածները երկար չեն կարող ձգել, անհրաժեշտ որակներն ու պատրաստությունը չունեն, չեն կարող խաղաղություն և բարգավաճում բերել իրենց երկրներին։

Տարոն Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular