ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խախտումները մարդու արժանապատվությունն ակնհայտ նվաստացնող են ու անմարդկային վերաբերմունք են.ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Քրեակատարողական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության կազմակերպմանը, տեղյակ են դեղամիջոցների և դրանց չափաբաժինների մասին, ինչպես նաև հասանելիություն ունեն բժշկական գաղտնիք պարունակող մատյաններին:

Արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկում գրեթե ողջ վարչակազմը տեղեկացված է, թե ինչ հիվանդություն ունեն ազատությունից զրկվածները, ինչ դեղեր են ստանում, ու նույնիսկ կան դեպքեր, երբ տեղյակ են, թե ինչ դեղաչափեր են ցուցված: 
Քրեակատարողական ծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվում է նաև «Մեթադոնային փոխարինող բուժման» կազմակերպումը: Երեկոյան ժամերին ազատությունից զրկված անձանց հոգեմետ դեղորայքը տրամադրվում է անվտանգության աշխատակիցների ներկայությամբ:

Մտահոգիչ խնդիրներից է այն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բաժանմունքներ ազատությունից զրկված անձանց ընդունումն ու մասնաշենքերում տեղաբաշխումն իրականացվում են քրեակատարողական հիմնարկի անվտանգության համար պատասխանատու ծառայողների ցուցումով՝ հիմնականում հիմք ընդունելով անվտանգության հարցերը: Այդ պատճառով մեծ թվով պացիենտներ պահվում են իրենց հաշվառման բաժանմունքներից դուրս:

Այս պարագայում դժվարություն է առաջանում ինչպես բուժող բժշկի և բուժանձնակազմի կողմից պացիենտի նկատմամբ արդյունավետ բժշկական հսկողության կազմակերպման, այնպես էլ դեղորայքային բուժման և բժշկական այլ միջամտությունների իրականացման տեսանկյունից: Օրինակ՝ թերապևտիկ բաժանմունքում հաշվառված պացիենտներից զատ՝ այդ բաժանմունքում պահվում են նաև հոգեբուժական բաժանմունքում հաշվառված` ազատությունից զրկված անձինք:

Այս վիճակն անթույլատրելի է: ՔԿՀ-ում, իհարկե, անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց դատապարտյալների հիվանդանոց ընդունման ու բաշխման հարցերում բժշկական հարցերը չեն կարող անտեսվել:
ՔԿՀ-ում նախնական բժշկական զննությունն իրականացվում է հերթապահ խմբի բժշկական անձնակազմի կողմից խուզարկության հետ համատեղ՝ օրվա հերթապահ պատասխանատուի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողի ներկայությամբ: Երբ անձի ուղեկցումն իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից, նրանք նույնպես ներկա են լինում բժշկական զննությանը: 

Բժշկական զննությունն իրականացվում է նաև խմբային ձևաչափով՝ միաժամանակ իրականացվելով ազատությունից զրկված մի քանի անձանց նկատմամբ:
Կան դեպքեր, երբ ազատությունից զրկվածներին նախնական բժշկական զննության է ենթարկում ոչ թե բուժանձնակազմը, այլ խուզարկության ժամանակ քրեակատարողական ծառայողներն են հարցնում՝ արդյոք ունե՞ն վնասվածք կամ գանգատ, թե՝ ոչ:

Ազատությունից զրկված անձանց բուժումն ու առանձին բժշկական միջամտություններն իրականացվում են առանց նրանց գրավոր համաձայնության: Այսինքն՝ նրանք առանց իրազեկված համաձայնության ստանում են բուժում, ենթարկվում բժշկական հետազոտությունների և այլ միջամտությունների. բացառություն են կազմում միայն ազատությունից զրկված ՄԻԱՎ վարակակիրները և հոգեբուժական բաժանմունքում հաշվառված ստացիոնար բուժում ստացողները:

Լուրջ խնդիր է ազատությունից զրկված անձանց մոտ հայտնաբերված վնասվածքների նկարագրությունը, որն իրականացվում է թերություններով: Օրինակ՝ համապատասխան մատյանի «մարմնական վնասվածքների առկայություն» սյունակը հիմնականում լրացվում է մեկ բառով՝ «կա» կամ «չկա», բայց կան նաև դեպքեր, երբ բժշկական զննության արդյունքներ ընդհանրապես առկա չեն:

Սրանից բացի, երբ ազատությունից զրկված անձի մոտ արձանագրվում է վնասվածք, այն չի ներառում օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկեր. չեն նկարագրվում վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը և վնասվածքը նկարագրող այլ չափանիշներ: 

Դիտարկվել են դեպքեր, երբ արձանագրություններում բացակայել է բժշկի եզրակացությունը վնասվածքի օբյեկտիվ նկարագրության և դրա մասին ազատությունից զրկված անձի հայտարարության համադրության վերաբերյալ:
Կոպիտ խախտումներ են արձանագրվել բժշկական փաստաթղթերի վարման հարցում:
Հիվանդության պատմագրում բացակայել են դեղորայքային բուժման նշանակման հիմնավորումները և առողջական վիճակի դինամիկայի նկարագրությունները, առկա են բազմաթիվ ջնջումներ ու բացթողումներ:

Գոյություն չունեն բժշկական փաստաթղթերի պահման և արխիվացման ընթացակարգեր: 

Դիտարկված բաժանմունքներում դուրս գրված պացիենտների հիվանդության պատմագրերը պահվում են հենց բաժանմունքներում՝ տարբեր պահարաններում կամ հատակին:

Մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են ժամկետանց դեղեր:
Լուրջ խնդիրներ են առկա՝ կապված բժշկական թափոնների հետ, որոնք թափվում են կենցաղային աղբի հետ, ինչն անթույլատրելի է:
Կոպիտ խախտումներով են կիրառվում զսպման միջոցները, որին առավել մանրամասն անդրադարձ կլինի առանձին:

Նկարագրվածը բժշկական օգնությանը վերաբերող խնդիրների փոքր մասն է: 
Հիմնական մասը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ համապատասխան առաջարկներով ու պարզաբանումների պահանջով: 

Խախտումները մարդու արժանապատվությունն ակնհայտ նվաստացնող են ու անմարդկային վերաբերմունք են: 

Անթույլատրելի վիճակ է, անտեսված խնդիրներ են: Այս բոլոր գնահատականների հիմքում կոնկրետ փաստեր են:

Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ արձանագրված խնդիրների լուծման հարցում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular