Իշխող ուժի ներկայացուցիչների հետ ես չեմ աշխատի. Կապանի քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին, առաջիկայում կհայտարարվի՝ որ քաղաքական ուժի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնձ հայտնի է, թե ինչ պատճառներով են Կապանի ավագանու 8 անդամներ հրաժարականի դիմում ներկայացրել, բայց ճիշտ կլինի, որ այդ հարցին իրենք պատասխանեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով Կապանի խոշորացված համայնքի ավագանու 8 անդամների ներկայացրած հրաժարականի դիմումների պատճառներին:
«Կարծում եմ՝ այս ամենի նպատակը այն է, որ ինձնից ազատվեն: Իշխանությունները ցանկանում են Սյունիքի մարզում ամբողջ իշխանությունը վերցնել իրենց ձեռքը»:
Փարսյանը նշեց, որ խոսակցություններ կան, որ իշխանությունները պատրաստվում են գնալ նոր զիջումների:
«Իմ ուշադրությունը հատկապես գրավեց Ալիևի հայտարարությունը` կապված նրա հետ, որ «Արևմտյան Զանգեզուրը գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, և իրենք պատրաստվում են վերադառնալ այնտեղ: Սա արդեն իսկ մտահոգիչ է: Այնպիսի տպավորություն է, որ իրենց հողերի մասին են խոսում, և սա ցույց է տալիս, որ թշնամին մեծ ախորժակներ ունի մեր հողերի նկատմամբ, որը անթույլատրելի է: Ես ադրբեջանցիներին թշնամի եմ համարում, նրանք մեր թշնամիներն են: Ես վստահ եմ մի բանում՝ ադրբեջանցիները այն 30 տարի առաջվա ադրբեջանցիները չեն: Նրանց այս 30 տարիների ընթացքում սովորեցրել են, որ հայերը իրենց թշնամիներն են, և մենք էլ պետք է իրենց որպես թշնամի վերաբերվենք: Նրանց հետ համատեղ ապրելը, գոյատևելը ես անհնար եմ համարում»:
Անդրադառնալով հոկտեմբերին ավագանու անդամների արտահերթ ընտրություններին իր մասնակցությանը`Փարսյանը նշեց,
«Ես ասել եմ, որ մասնակցելու եմ, իսկ թե որ քաղաքական ուժի հետ, դրա մասին լրացուցիչ հայտարարություն կանեմ: Օրենքը ինձ թույլ է տալիս պաշտոնավարել մինչև 2023 թվականը, բայց ես դա անիմաստ եմ համարում: Եթե ընտրվեն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ, տարբեր հարցերով կարող են խոչընդոտել, խանգարել` սկսած անվստահություն հայտնելուց, մինչև տարբեր նախագծեր չընդունելուց: Ես ունեմ որոշակի տեղեկություն, թե ում են նախապատվություն տալիս իշխանությունները Կապանի քաղաքապետի պաշտոնում, բայց դրա մասին թող իրենք ասեն»:
Հարցին՝ ինչ վերաբերմունք ունեն կապանցիները տեղի ունեցող գործողություններին, Փարսյանը նշեց, որ դրական չեն արձագանքում:
Հիշեցնենք, որ Կապանի խոշորացված համայնքի ավագանու 15 անդամներից 8-ը հրաժարական են ներկայացրել։
Նրանցից 3-ը՝ Վաչե Ասրյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վիլեն Գրիգորյանն աշխատում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, եւ հուլիսի 13-ին ԶՊՄԿ գլխավոր տնօրենը նրանց ազատել էր աշխատանքից:
Նշենք, որ ըստ գործող կարգի՝ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցված է համարվում, երբ կազմի կեսից ավելին հրաժարականի դիմում են ներկայացնում, ուստի Կապանում հոկտեմբերին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։