Մենք ունենք երկու տարբեր իրականությամբ ապրող Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի ղեկավարը շարունակում է իր զավթողական ոճի հայտարարությունները, բայց պաշտոնական Երևանն այդպես էլ չի արձագանքում Իլհամ Ալիևի այդ հայտարարություններին։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Հարցին, թե ո՞րն է լռության պատճառը քաղաքագետը ասել է․ «Ընդհանուր առմամբ՝ բացատրում եմ Հայաստանի իշխանության ոչ ադեկվատությամբ։ Մենք ունենք երկու տարբեր իրականությամբ ապրող Հայաստան․ մեկում իշխանությունը պատրանք է ստեղծում, թե կյանքն ընթանում է բնականոն հունով, նախարարներ են նշանակվում, պաշտոնյաներ, պատրաստվում են ՏԻՄ ընտրությունների, իսկ մյուս Հայաստանը սահմանամերձ գյուղերում է, առաջնագծում, որտեղ անընդհատ հնչում են կրակոցներ, ունենում ենք զոհեր։ Տպավորություն է, որ երկրորդ Հայաստանում իշխանություն չկա, բացակա է։ Երբեմն-երբեմն լսում ենք Նիկոլ Փաշինյանի ինչ-որ հայտարարություններ՝ գործադիրի նիստի ժամանակ, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս պատասխաններ եղած հարցերին։ Երբեմն էլ այդ հայտարարությունները ծիծաղելու աստիճան պրիմիտիվ են, օրինակ՝ երբ Փաշինյանը պարբերաբար ասում է, եթե ՀԱՊԿ-ն այսինչ բանը չանի, կդիմենք ԵԱՀԿ-ին, դա ինձ մոտ պրիմիտիվության տպավորություն է թողնում, որովհետև չի կարելի ռուսների հետ այդպիսի քողարկված շանտաժով խոսել, դա լուրջ չէ։ Լռության առաջին պատճառը թերևս այս է՝ Հայաստանի իշխանության անադեկվատությունը։ Բացի այս, Հայաստանի իշխանությունը չունի արտաքին քաղաքականության որևէ կոնցեպցիա, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այս իշխանությունը նաև տակավին չի հասկացել Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, որովհետև չի կարելի այս հարցում հակադրել Ռուսաստանի ու Ֆրանսիայի շահերը, ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի, ընդհակառակը՝ պետք է խուսափել նման սուր անկյուններից»։
Հարցին, թե արդյո՞ք սահմանային այս լարվածությունը, լայնամասշտաբ պատերազմի վերածվելու նախադրյալներ ունի քաղաքագետը պատասխանել է․ «Լայնածավալ պատերազմի, իհարկե, ո՛չ։ Մենք հիմա գործ ունենք սողացող պատերազմի հետ, որը շատ ավելի վտանգավոր երևույթ է մեր տիպի երկրների համար, քան լայնածավալ պատերազմը։ Որովհետև վերջինի դեպքում հասարակությունը մոբիլիզացվում է, իսկ այս պարագայում անընդհատ լարվածությունը ստիպում է մարդկանց լքել իրենց բնակավայրը, զոհվում են երիտասարդ զինվորներ, ինչը մեծ ողբերգություն է երկրի համար»։
Սոնա Գիշյան