Երբ Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն վերադառնում է տարածաշրջան, Մոսկվայում անհանգստացել էին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱլիևը նորից հայտարարել է, որ Զանգեզուրն ու Սևանն իրենց պատմական հողերն են, և իրենք վերադառնալու են այնտեղ, ու դա երկրորդ փուլն է լինելու: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։
Հարցին, թե այս սպառնալիքները ինչ վտանգներ ունի թուրքագետը պատասխանել է․ «Ես վտանգ չեմ տեսնում, ուղղակի ափսոսում եմ սահմաններին զոհված մեր զինվորների համար: 44-օրյա պատերազմը Հայաստանի և Արցախի դեմ Պուտինի նախաձեռնությունն էր, ոչ թե Ալիևի: Ինչու էր նախաձեռնել՝ որպեսզի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացից դուրս մղի Ֆրանսիային և ԱՄՆ-ին: Դրա համար էլ շատ արագ գործեց, իսկույն բերեց այսպես կոչված խաղաղապահ զորքեր տեղակայեց, որոնք իրականում հայկական կողմի համար ավելի քան պատժիչ ջոկատներ են: Երբ Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն վերադառնում է տարածաշրջան, Մոսկվայում անհանգստացել էին: Գիտեք, որ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բացի այդ, Մոսկվայից պահանջել էր հայ-ադրբեջանական սահմանի 1922-1923 թվականների ռազմական քարտեզները: Մակրոնն էլ, գիտենք՝ կոչ էր արել, որ կողմերը վերադառնան 1994 թվականի սահմաններին: Հիմա Մոսկվան անհանգստացած է, որ եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վերադառնան, ինքը չի կարող իրականացնել իր ծրագրերը Հարավային Կովկասում: Դրա համար էլ հանձնարարում է Բաքվին՝ Հայաստանը միշտ սպառնալիքի տակ պահել, որ շանտաժի ենթարկի Ֆրանսիային և ԱՄՆ-ին՝ առանց հաշվի առնելու, որ այդ երկրները ոչ միայն Ալիևի, այլև Պուտինի շանտաժներին չեն ենթարկվում: Ամբողջ պատմությունը դա է: Մյուս կողմից տեսնում ենք մեր կառավարության անհետևողական քաղաքականությունը, այսինքն՝ մինչև հիմա դեմքով շրջվել են Մոսկվայի կողմը ու նայում են, թե Կրեմլից ինչ հայտարարություններ կհնչեն»։
Սոնա Գիշյան