ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը խորհուրդներ է բաժանում Հայաստանին և Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը CNN Turk-ին տված հարցազրույցում մի շարք հայտարարություններ է արել, որոնք տարակուսանք են առաջացրել ինչպես Հայաստանի պաշտոնական կառույցներում, այնպես էլ փորձագետների շրջանում: Ի թիվս այլ բաների, նա նաև բացահայտորեն մեղադրանքներ է հնչեցրել ռուս խաղաղապահների դեմ: Այն թե որքանով են դրանք արդար, գնահատել է politexpert.net-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը:

Սկսենք ամենաանվտանգից. ըստ Իլհամ Ալիևի` այն ականապատ դաշտերի քարտեզները, որոնք Հայաստանը հանձնել է Ադրբեջանին ռազմագերիների դիմաց, ճիշտ են միայն 25%-ով: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, նման քարտեզները չեն նշում ականների գտնվելու վայրը սանտիմետրերով: Նշվում է այն տարածքը, որտեղ ականներ կան և դրանց թիվը: Այսինքն, այդ փաստաթղթերը չպետք է շփոթել գանձերի մասին գրքերում գրված քարտեզների հետ` սոճու ծառից երեք քայլ առաջ, ապա երկու քայլ դեպի աջ: Այնուամենայնիվ ոմանք կարծում են, որ Իլհամ Ալիևի այս խոսքերը մի տեսակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի  տրոլինգն են, որը նախկինում պնդում էր, որ «Իսկանդեր» համալիրը «պայթում է 10%-ով»: Հետո, սակայն, նա ասել էր, որ իրեն մոլորեցրել են:

Բայց վերադառնանք Ալիևին: Նրա խոսքով Բաքվին մտահոգում է հայ-ռուսական ռազմական համագործակցությունը: Ըստ Ալիևի՝ Ռուսաստանը չպետք է զինի և խթանի հայկական բանակի բարեփոխումները, քանի որ ԼՂՀ հակամարտությունը լուծված է, և, հետևաբար, Հայաստանին բանակը պետք չէ: Այդպես է որոշել Ադրբեջանի նախագահը, որը նաև նշել է, որ պատերազմից առաջ Մոսկվան միլիոնավոր դոլարների ռազմական տեխնիկա է նվիրել Երևանին, բայց դա չի օգնել Հայաստանին պատերազմում. այդ տեխնիկայի մի զգալի մասը ոչնչացվել է կամ ներկայացված է թանգարաններում որպես ռազմավար:

Երևանի և Մոսկվայի համար ռազմական համագործակցության ուղղությունները որոշելու Ալիևի փորձը, մեղմ ասած, անհեթեթ է, մանավանդ որ Ադրբեջանն ինքը ակտիվ համագործակցում է Իսրայելի և Թուրքիայի հետ նոր սպառազինություններ գնելով: Իլհամ Ալիևը գոհունակությամբ է նշել, որ թուրքական ռազմական արտադրությունը հաջողությամբ առաջ է ընթանում, իսկ իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Բաքուն մտադիր է 2 մլրդ դոլարի զենք գնել Թել Ավիվից:

Մեկ այլ տարօրինակ պնդում է հնչեցրել Ալիևը ռուս խաղաղապահների դեմ: Ըստ նրա Մոսկվան պետք է ապահովի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի իրականացումը, այսինքն, Ադրբեջանի մեկնաբանությամբ հայկական զինված ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից: Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ այդ խնդրի վերաբերյալ իր պահանջներն էր հայտնել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին, որն, ըստ նրանց, անտեսում է այդ կետը և թույլ է տալիս Արցախի Պաշտպանության բանակին ամրապնդել իր դիրքերը:

Մինչդեռ եռակողմ հայտարարությունը ոչինչ չի պարունակում Արցախից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին: Այնտեղ նշվում է, որ փաստաթղթի ստորագրումից և զինադադարից հետո կողմերը կանգ են առնում իրենց գտնվելու դիրքերում:  Ադրբեջանի ԱԳՆ-ն վկայակոչեց ռուսաց լեզվի բացատրական բառարանները մեկնաբանում է, որ ռուսերեն «останавливаются» տերմինը չի նշանակում «остаются», այսինքն մնում են և, հետևաբար, Արցախի բոլոր զինված կազմավորումները պետք է լքեն տարածքը: Հայաստանի ԱԳՆ -ն էլ իր հերթին նշել է, որ ըստ բոլոր բառարանների, «останавливаются» տերմինը չի նշանակում «уходят», այսինքն հեռանում են: Ինչպես ընդգծվել է դիվանագիտական ​​ծառայության պատասխանում, Արցախի Պաշտպանության բանակը ռուս խաղաղապահ զորախմբի հետ միասին եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը:

Հ.Գ. Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր առաջին անգամ ՌԴ Պաշտպանության Նախարարությունը պաշտոնապես ճանաչել է ադրբեջանական կազմավորումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ գտնվող գոտում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular