ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի համալսարանի ռեկտորը սպառնում է աշխատակիցներին՝ հայտարարելով, որ...

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»-ում ռեկտորի փոփոխությունից հետո կրքերը չեն հանդարտվում:
Խնդիրն այն է, որ այստեղ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանը, որը նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է, ժամանակ առ ժամանակ հայտնվում է ինչ-որ պատմությունների կենտրոնում:

Օրեր առաջ (դեկտեմբերի 6) հրապարակվել են Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք կատարվել էին հոկտեմբերին՝ հիմք ընդունելով ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված անանուն նամակը:

Ի թիվս այլ խախտումների, պատգամավորի կողմից ներկայացված նամակում նշված է եղել, որ ռեկտորի պաշտոնակատար Սահակ Մինասյանը մինչ այժմ գիտխորհրդի նիստ չի գումարել, չկա նաև աշխատանքային պլան:

Ուսումնասիրությունների հրապարակված արդյունքներում նշված է, որ գիտխորհրդի նիստ չգումարելու վերաբերյալ Սահակ Մինասյանը պարզաբանել է, թե գիտխորհրդի աշխատանքային պլանի հաստատման հետաձգումը պայմանավորված է միմիայն բուհի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխման ակնկալիքով:

Պարզվում է, որ ընդամենը օրեր առաջ Սահակ Մինասյանը կատարել է կառուցվածքային փոփոխություն՝ փակելով բուհի ամենակարևոր բաժինները` Արտաքին կապերի բաժինը, Գիտության բաժինը, Պրակտիկայի բաժինը, Բուհ-գործատու համագործակցության կենտրոնը, Գրադարանը, Ուսումնամեթոդական վարչությունը, Ընդհանուր բաժինը և այլն:
Aysor.am-ին հայտնի դարձավ, որ փակված բոլոր բաժինները առանց որևէ լուրջ վերլուծության ներառվել են երկու կենտրոնների մեջ, որոնք նույնիսկ տնօրեն չունեն: Այդ երկու կենտրոնների տնօրենները համարվում են պրոռեկտորները: Այսինքն, նույն անձը և՛ պրոռեկտոր է հանդիսանում, և՛ կենտրոնի տնօրեն:

Մինչդեռ, ըստ մեր տեղեկությունների, դրա փոխարեն նոր պաշտոնների նշանակված ռեկտորի օգնականը, խորհրդականը, գործավարը ստանում են 200 000–ից մինչև 350 000 դրամ աշխատավարձ: Ինչպես բուհի աշխատակիցներն են ասում, նման աշխատակազմ (ռեկտորի օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար) չունի անգամ Երևանի պետական համալսարանի ռեկտորը:

Տեղեկացանք նաև, որ բուհի վարչական բոլոր աշխատակիցներին տրվել է ծանուցում աշխատանքից ազատվելու կամ նոր աշխատանքի տեղափոխման, առանց նշելու, սակայն, թե ինչ նոր պաշտոնի մասին է խոսքը:

Բուհի նախկին և ներկա աշխատակիցների հետ մեր զրույցների ընթացքում պարզվեց նաև, որ աշխատակիցների մոտ վախի մթնոլորտ է, քանի որ բոլորը, տեղյակ լինելով Սահակ Մինասյանի նախորդ գործունեության անպատժելիությանը, իրենց մտահոգող հարցերի մասին չեն բարձրաձայնում:

Ավելին, պարզվում է, որ Սահակ Մինասյանը հաճախ է ընդգծում, որ ինքը Շիրակի մարզի Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարն է, անընդմեջ մեկնաբանում է, որ իր ձեռքերը հասնում են ամենուր և իր դեմ խաղ չկա: Նա նշում է, թե լինելով իշխող կուսակցության ներկայացուցիչ, անկախ խախտումներից, անկախ իր գործունեությունից, պաշտպանվում է երկրի բարձր ղեկավարության կողմից:

Պարզվում է նաև, որ բոլորովին վերջերս դասախոսների հետ հանդիպմանը Սահակ Մինասյանը բարձրաձայնել է, թե ինքը հովանավորվում է երկրի վարչապետի և նախագահի կողմից, և դիմելով բուհի աշխատակիցներին, ասել է. «Դադարեցրեք անանուն նամակների հոսքը, դրանք առ ոչինչ են»:

Նշենք, որ բուհում առկա խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնել է նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը:

Ի դեպ, թեև ռեկտորի պաշտոնակատար Սահակ Մինասյանը աշխատակիցներին հորդորում է խնդիրների մասին չբարձրաձայնել, հաշվի առնելով իր կուսակցական պատկանելությունը, պարզվում է նաև, որ վերջինս 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում նույնիսկ իր թեկնածությունը չի ուզում առաջադրել ռեյտինգային ցուցակով, քանի որ ինչպես բուհի աշխատակիցներն են ասում՝ վստահ է, որ կխայտառակվի: Աշխատակիցների պնդմամբ՝ բուհի աշխատակիցները, ուսանողները հիմանականում իրենց ձայնը կտան նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին, ինչը և բնական է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular