Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 20–ին, հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ:
Դավիթ Բաբայանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի և Արցախի համար կարեւոր ժամանակաշրջանում արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Արարատ Միրզոյանը եւ Դավիթ Բաբայանն ընդգծել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ու պարբերական խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման եւ համապարփակ ու տեւական կարգավորման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը և Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը։ Շեշտվել է Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար։