ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են այսօր Տավուշի մարզից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են օգոստոսի 20-ին, Տավուշի մարզից: Դրանց նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Տավուշում մեկնարկած խորհրդակցությունն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկա են եղել ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզային և հանրակրթության վարչության ներկայացուցիչներ: Քննարկումների օրակարգում ընդգրկված են եղել հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաև Հանրակրթության պետական չափորոշչին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հատկապես Տավուշում այս տարի աշխատանքները շատ են՝ պայմանավորված մարզի ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկմամբ:


Խորհրդակցության սկզբում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Տավուշի մարզի արդյունքները: «Ընդունելության ցուցանիշը վատ չէ՝ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով դիմորդների շուրջ 76,7 տոկոսն ընդունվել է (614 դիմորդից ընդունվել է 471-ը), 81 դիմորդ ընդունվել է առաջին՝ անվճար հայտով: Տավուշի մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններ են ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան, անգլերենը և տուրիզմը»,- ասել է նա: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ որոշ առարկաների քննությունների արդյունքները մտահոգիչ են. «Գնահատականները ցածր են եղել հատկապես մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից: Ֆիզիկայի միջին միավորը եղել է 8,8: Հատկապես նոր չափորոշիչների փորձարկման ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչպես բարձրացնել բնագիտական առարկաների ուսուցման որակն ու արդյունավետությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:


Գնահատման և թեստավորման կենտրոնը քննությունների արդյունքները կամփոփի նաև ըստ դպրոցների: Այդ ցուցանիշներին պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք ցույց են տալիս, թե ինչ բովանդակային անելիքներ կան կոնկրետ առարկաների ուսուցումը բարելավելու ուղղությամբ:


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: «Հանրակրթության ոլորտն ընդգրկում է շուրջ կես միլիոն շահառու, և եթե այստեղ կանոնները չպահպանվեն՝ ընդհանուր վիճակի վրա ազդեցությունն ակնհայտ կլինի»,- համոզված է փոխնախարարը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:


Անդրադառնալով ուսումնական պլաններին՝ փոխնախարարն ասել է, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո: ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն էլ պարզաբանել է, որ բոլոր դասարաններում, բացի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններից, գործում են նախկին ուսումնական պլանները: Նոր մշակված ուսպլանների առանձնահատկությունն այն է, որ դրանք կիրառվելու են 2 տարի: Նա նաև նշել է, որ ընթացքի մեջ է տնօրենների վերապատրաստումը. նրանք ծանոթանում են ուսումնական պլանի մշակման սկզբունքներին: «Նոր ուսումնական տարի մուտք ենք գործելու նորամուծություններով, սակայն պետք չէ տագնապել: Մենք ձեր կողքին ենք և միասին կհաղթահարենք ցանկացած արգելք»,- վստահեցրել է Արտաշես Թորոսյանը:


Խորհրդակցությանը ներկա Տավուշի մարզի դպրոցների տնօրենները, կրթական ոլորտի ներկայացուցիչները նախարարի տեղակալին են ուղղել տարաբնույթ հարցեր դրույքաչափի, նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարիֆիկացիոն մատյանների կազմման, ֆինանսավորման չափաքանակների, կամավոր ատեստավորման, կրթության կազմակերպման վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular