«Այսօրվա հրամայականն է, որ Նիկոլ Փաշինյանը կանգնի նոր խորհրդարանի դիմաց և բարձր ամբիոնից հայտարարի…». Վարդան Օսկանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի հարցում ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել, կարծում է ՀՀ ԱԳ նախկին նախարարը:
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել Արցախի խնդրի վերաբերյալ իր հոդվածը։ Այն ներկայացված է ստորև։
Ներկայում Արցախի հարցում երկու մտահոգիչ միտում կա, որ պետք է կասեցվի ու հակադարձվի, եթե Հայաստանը երբևէ ցանկանում է հույս ունենալ վերականգնել, թեկուզ մասնակի, իր շոշափելի կորուստները, և վերհաստատել իր տեղն ու դերը տարածաշրջանում և բանակցությունների սեղանի շուրջ:
Առաջին վտանգավոր միտումն այն է, որ սահուն անցում է կատարվում Արցախի՝ օրակարգի առաջնային հարց լինելուց դեպի զուտ Հայաստան-Ադրբեջան երկկողմ օրակարգին։ Սրա արդյունքում հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական ելքի վրա ազդեցություն ունեցող հիմնական դերակատարների մայրաքաղաքներում ձևավորվում են մեզ համար վնասակար նոր կարծրատիպեր, որոնք հիմնված են երեք փաստարկումների վրա. ա) Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, բ) Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, որտեղ ապրում են հայեր, և նրանց՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերին կարելի է ականջալուր լինել, գ) ժամանակն է, որ նայենք դեպի ապագա:
Սա գերիշխող ընդհանուր տրամադրությունն է արևմտյան տերությունների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի, մասամբ նաև Ռուսաստանի մոտ:
Ներկայում Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությունն այն է, որ Արևմուտքը ցանկանում է հարցի հնարավորինս շուտ լուծում, հետևաբար առատաձեռն ֆինանսական օգնություն է առաջարկում հայկական կողմին՝ գործարքը քաղցրացնելու համար, մինչդեռ Ռուսաստանը չի շտապում հասնել հանգուցալուծման: Պարզապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այստեղ մի փոքր կաշկանդված է, քանի որ նա, կամա թե ակամա, ստանձնել է նոյեմբերի 9-ի հրադադարի հռչակագրի դրույթների կիրառման և՛ միջնորդի, և՛ երաշխավորի դերը: Այդ առումով մանևրելու նրա հնարավորությունները սահմանափակ են:
Երկրորդ միտումն այն է, որ Ադրբեջանը փորձում է իր օրակարգը պարտադրել Հայաստանին։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն օգտագործում է հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։
Առաջինը դելիմիտացիայի և դեմարկացիայի հավանական փաստաթուղթն է, որն առնչվելու է նաև անկլավների հարցին: Երկրորդը Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի հարցն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթ է։ Երրորդը հայ-ադրբեջանական խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հավանական համաձայնագրի ստորագրման հարցն է։
Այս երեքն էլ շատ լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար։ Դրանք անխուսափելիորեն պարունակելու են դրույթներ, որոնք չեն բխելու Հայաստանի Հանրապետության անվտանգության և, առհասարակ, շահերից։ Ավելին, խաղաղության համաձայնագիրը, որ Ադրբեջանը կստորագրի միմիայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, որն իր պատկերացմամբ՝ ներառում է Ղարաբաղը, կամրագրի Լեռնային Ղարաբաղի վերջնական կորուստը։
Այն, որ Արցախը Հայաստան է, անհերքելի փաստ է: Ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրանք, ովքեր քվեարկել են նրա կամ ընդդիմության օգտին, չեն որոշում Արցախի ճակատագիրը: Արցախի ճակատագիրը կանխորոշված է՝ այն մեր ժառանգությունն է, մեր պատմությունը, մեր անկախության կայծը, մեր հողն ու ջուրը, արյունը, մեր ինքնությունը:
1994-ի մայիսի 12-ի զինադադարից ի վեր Հայաստանի բոլոր վարչակազմերը՝ անկախ դիվանագիտական լեզվից, որ նրանք ընտրել են կարգավիճակի շուրջ բանակցություններում՝ անկախություն, ինքնորոշում, կամ մտել են «դե ֆակտո և դե յուրե» բառախաղի մեջ, վերջնական նպատակը միշտ եղել է այն, որ ի վերջո մի օր Արցախը դե յուրե կվերադառնա Հայաստան:
Ես կարծում եմ՝ այսօրվա հրամայականն է, որ Նիկոլ Փաշինյանը կանգնի նոր խորհրդարանի դիմաց և բարձր ամբիոնից հայտարարի՝ «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ որ լինի, մենք չենք ստորագրի և հաստատի որևէ փաստաթուղթ կամ համաձայնագիր, որում Արցախը նշված կլինի Ադրբեջանի մաս»:
Սա անմիջապես կփոխի ազգային տրամադրությունը, հստակ ուղերձ կուղարկի Ադրբեջանին և միջազգային հանրությանը՝ մեր իրավունքներն ու երկիրը պաշտպանելու մեր վճռականության մասին:
Բայց այս դիրքորոշմանը արժանահավատություն և կենսունակություն հաղորդելու համար Հայաստանը պետք է ունենա հստակ ճանապարհային քարտեզ իր առաջիկա քայլերի և քաղաքականության համար: