Մենք և իշխանությունը երկու տարբեր իրականություններում ենք ապրում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցազրույցներից մեկում ասել էր, թե տնտեսությունն իրեն շատ առույգ է զգում, ՀՀ տնտեսության վերականգնման փուլն արդեն անցյալում է, ներդրողները միմյանց հերթ չտալով գալիս են Հայաստան, ակտիվացել են նաև ներքին ներդրողները, այլ կերպ ասած՝ ըստ նախարարի՝ տնտեսության վիճակը պարզապես հրաշալի է։
Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ։ Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը` տնտեսագետը հեգնական տոնով ասել է․ «Մեր հասարակությունն ապերախտ է, իշխանությունները ճգնում են ամեն ինչ անել, իսկ մենք ուղղակի չենք գնահատում, անընդհատ քննադատում ենք, դժգոհություններ ենք արտահայտում։ Ես արդեն եկել եմ այն համոզման, որ պետք է ուղղակի անցնել գովասանքների, ավելացնել դափնիները, տասնապատկել պարգևավճարները։ Կարծում եմ՝ իմ ստացած տնտեսագիտական գիտելիքները և առհասարակ իմ ինտելեկտը բացարձակ բավարար չեն կամ կապ չունեն այս իրականությունը վերլուծելու համար։ Հավանաբար նախարարի ասածները տեղի են ունենում, մնում է ես փորձեմ նոր տնտեսագիտական ուսմունք սերտեմ, որպեսզի հասկանամ և ավելի հանգիստ վերաբերվեմ այս իրողություններին։ Իհարկե, մենք արդեն բավականին առաջ ենք անցել, շուտով մեր հարևաններից էլ առաջ կանցնենք, իշխանությունը պարզապես տնտեսական հրաշքներ է գործում, աշխատատեղեր են ավելանում։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ չի կարելի այսքան քննադատել այս խեղճ իշխանություններին, պետք է թողնենք, որ իրենք աշխատեն։ Կարծում եմ, որ մենք և իշխանությունը երկու տարբեր իրականություններում ենք ապրում, և պետք է ըմբռնումով մոտենալ դրան»։
Սոնա Գիշյան