ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մերժի՛ր Սերժին» կարգախոսի հեղինակը Նիդերլանդներում ապաստան է խնդրում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2018-ին, երբ հեղափոխությունը սկսվեց եւ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավը դեպի Երևան, մի շարք կարգախոսներ էր օգտագործում, դրանցից մեկը՝ «Քա՛յլ արա»-ն էր։ Զուգահեռ ստեղծվել էր նաեւ «Մերժի՛ր Սերժին» անունով նախաձեռնություն, որի անդամներն էին արդեն երկրորդ անգամ Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Արմեն Գրիգորյանը, Փաշինյանի ՔՊ ցուցակով պատգամավորներ դարձած Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը և այլք։ Հեղափոխության սկզբում այս նախաձեռնությունը միացավ Նիկոլին, որից ծնվեց հայտնի «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը, որը եւ դարձավ հեղափոխության տրաֆարետը, իսկ նախաձեռնությունը կարեւոր դերակատարում ունեցավ իշխանափոխության հարցում։ 

Հեղափոխությունից հետո այս մասին Ֆեյսբուքում գրել էր ինքը՝ Արմեն Գրիգորյանը, որը հայտնել էր, որ «Մերժի՛ր Սերժին» հաղթող կարգախոսի հեղինակը Դավիթ Հովհաննիսյանն է։

Սակայն հեղափոխական իշխանություններին այսպիսի մեծ ծառայություն մատուցած, նրանցից շատերի մերձավոր ընկեր հեղափոխականը՝ Դավիթ Հովհաննիսյանն այդպես էլ որեւէ պաշտոն կամ կարգավիճակ չստացավ, թեեւ ոչնչով չէր զիջում պայքարի իր ընկերներին եւ կարող էր առնվազն պատգամավոր լինել՝ Թագուհի Ղազարյանից ոչ վատ։ Եւ վերջերս նա ուղղակի հեռացել է Հայաստանից, ապաստան գտնելով Նիդերլանդներում։ Սակայն այնտեղից նա ուշադիր հետեւում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին եւ անխնա քննադատում։ Ավելին՝ Նիդերլանդական իշխանություններից նա բնակության կարգավիճակ է խնդրել եւ գանգատվում է, թե ՀՀ իշխանություններն իրեն հալածում են։ Նա սոցիալական ցանցում նաեւ տեղադրում է Ամստերդամի պեյզաժների լուսանկարներ՝ վրան «հարազատ home» գրված։

Հարազատ home Աբովյանը առանց ափսոսանքի Ամստերդամով փոխարինած հեղափոխականը հեռու-հեռուներից «ֆինլանդիզացիա» է քարոզում ու խորհուրդներ տալիս Հայաստանի ժողովրդին։ Օրինակ, հունիսի 15-ին՝ ընտրություններից մի քանի օր առաջ նա իր էջում գրել է․ «Ունենալ Լեւոն ու ընտրել Նիկոլին կամ Ռոբերտին, նույնն ա թե ունենաս Մեսսի, բայց Քարամյանին խաղացնես, ունենաս Iphone, բայց Motorola բռնես, Ունենաս Իտալիայի վիզա, բայց գնաս Ղրղզստան․․․»։

Կամ՝ հունիսի 8-ին․ «Միայն Նիկոլը չի հոգեկան հիվանդ։ Մեկը ինչ որ մանկական բարդույթներ ունի, ուզում է ամբողջ քաղաքը իր նկարները տեսնի, մյուսը ուզում է ինքն անպայման ցուցակը գլխավորի, Պետրոսի մոտ լուրջ դեմքով գնա խոսա էշ-էշ, մյուսի հետ ընտանիքում չեն շփվում՝ ուզում է հանրության հետ շփվի։ Ու էս մարդկանց հոգեկան տրավմաների ու պսիխոզների ձեռը հանրությունը ընգել է քաքաֆոնիայի մեջ»։

Իհարկե, բաց է մնում այն հարցը, թե Դավիթ Հովհաննիսյանը արտագաղթել է եւ քննադատում է իր հեղափոխական ընկերներին՝ որովհետև պաշտո՞ն չստացավ, թե՞ փոշմանել է հեղափոխության համար ու տխրում է Հայաստանի նիկոլիզացիայից։ 

Աննա Գևորգյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular