ԱԺ-ն վերածվել է ռինգի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հերթագրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյան հարց ուղղելու համար։ «Հարգելի հայրենակիցներ, կառավարության ծրագիր կոչվածը բովանդակային առումով ոչ մի կապ չունի կառավարության ծրագրի հետ։ Շատ կոնկրետ հիշեցումներ կան, որոնք խիստ պարտադիր են հիմա անելու համար։ Ազգային ժողովի ամբիոնին կանգնած անձնավորությունը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության և ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ և տեղեկատվություն ունի, որ ցանկացած պահի, երբ ցանկանա, կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը։ Ուզում եմ փաստել, որ էդ ահաբեկիչ Ալիևը, զավթելով Արցախի 75 տոկոսը, խաթարելով Հայաստանի անվտանգային ամբողջ համակարգը, հայտարարելով, որ Երևանն էլ, Սևանն էլ, ամեն ինչ իրենցն է, և Հայաստանի իշխանությունները խելոք ու սուս ու փուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ, մեր կողմից որևէ արձագանք չկա։ Եվ այս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչի, որպեսզի պայթեցնի էդ ալիևյան կլանի ղեկավարած իշխանությունը։ Հարգելի՛ հայրենակիցներ, ձեզ որևէ կերպ հնարավորություն ընձեռնված չէ տեսնելու այն իրականությունը, որը հիմա կա այս դահլիճում։ Ուզում եմ ձեզ դրա մասին պատմել, հիմա այս անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախռանիկներ, որոնք երբևէ ԱԺ չեն մտել․․․»,- ասաց Աննա Մկրտչյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին Աննա Մկրտչյանին։ «Էդ կապիտուլյանտների կողմից ձայնը այդտեղ մի լսեք․․․»,- արձագանքեց Աննա Մկրտչյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել Աննա Մկրտչյանի խոսափողը, նրան նկատողություն հայտարարեց և զրկեց մեկ նիստի ընթացքում խոսելու հնարավորությունից։ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց՝ նշելով, որ իրեն հարց ուղղված չէր։ Իր թիմակիցների արձագանքին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Թիմակիցների արձագանքի առումով, ես կասեի, որ բավական զուսպ են արձագանքում, նույնիսկ մեղմ են արձագանքում»։ Աննա Մկրտչյանը տեղից արձագանքեց Փաշինյանին, ինչին ի պատասխան ԱԺ նախագահը նրան դահլիճը լքելու կոչ արեց։ Սկսվեց վիճաբանություն, ընդդիմադիր պատգամավորներն ընդդիմացան այս որոշման դեմ, ԱԺ դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցներ՝ Աննա Մկրտչյանին դուրս հրավիրելու համար։ ԱԺ նիստն ընդմիջվեց 20 րոպեով։
Սա մեր նոր ձևավորված ԱԺ-ն է։ Արդեն երկրորդ անգամ ԱԺ դահլիճ են հրավիրվում անվտանգության աշխատակիցները։ 8-րդ գումարման խորհրդարանը արդեն ապացուցել է, որ ի վիճակի չի երկրի համար լուրջ և կարևոր քայլեր անելու։ Իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ-ն դարձրել են ռինգ և աշխատելու փոխարեն իրենց ուժերն են փորձում՝ անձնական դեբատներ կազմակերպելով։ Այս որակի ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ վատագույնն է։ Մինչ այս նման որակի ԱԺ ունեցել են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս որակի ԱԺ-ն աղավաղում է մեր ժողովրդի դիմագիծը, կրթական ցենզը, մակարդկաը։ Սա, մեղմ ասած, խայտառակություն է։ Ժողովրդին մնում է միայն քայլեր ձեռք առնել նման ԱԺ-ն լուժարելու և խելամիտ ընտրություններ կազմակերպելու համար։ Արդեն ակնհայտ է, որ այս խորհրդարանի վրա որևէ հույս դնել հնարավոր չէ, և ժողովուրդը պետք է մի կողմ դնի իր քաղաքական հայացքները և համախմբվի միայն մեկ գաղափարի շուրջ՝ Հայաստանի փրկության և անվտանգության գաղափաի շուրջ։
Սոնա Գիշյան