ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցություններն արդյունք չեն տվել․ իրավիճակը Սյունիքից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թշնամին օգոստոսի 25-ի երեկոյան փակել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհը, իսկ հաջորդ առավոտյան՝ Գորիս-Որոտան ճանապարհը, այս պահին մի քանի գյուղ գտնվում են շրջափակման մեջ։ Արդեն երկու օր է՝ ճանապարհները բացելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում։ Բանակցությունների մասին տեղեկություն ստանալու համար 1or.am կայքը զրուցել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Համայնքապետն ասաց, որ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։

«Ճանապարհներն այս պահին փակ են, բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Իմ տեղեկություններով՝ բանակցությունները պետք է շարունակվեն։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցում են սահմանապահ զորքերը»,- նշեց Գևորգ Փարսյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի երկու հայկական համայնքների անուններն ադրբեջաներենով ասել Գևորգ Փարսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ասածները դեռևս չի լսել. «Ժամանակ չի եղել Կառավարության նիստին հետևելու համար, զբաղված եմ»։

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ զրույցում էլ համայնքի ղեկավարն ասաց, որ իրավիճակի փոփոխություն տեղի չի ունեցել, բանակցություններն ավարտվել են, սակայն ճանապարհները չեն բացվել։ Ինչ վերաբերում է Բարձրավան գյուղին, որը ճանապարհները փակելու հետևանքով հայտնվել է մեկուսացման մեջ, Հակոբ Արշակյանն ասաց, որ մարզպետարանը կազմակերպել է և ԱԻՆ մեքենայով գյուղ հաց, սնունդ են հասցրել։ «Եթե ճանապարհը փակ մնա, պետք է պարբերաբար հաց ու սնունդ տանեն գյուղ, ըստ գրաֆիկի՝ ԱԻՆ մեքենան օրը երկու անգամ պետք է գյուղ մտնի։ Ես չգիտեմ, ի վերջո այդ ճանապարհը կբացե՞ն, թե՞ ոչ, որևէ մեկը չի կարող ասել»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular